Հարավային Կովկասում Թուրքիայի ուղղությամբ Ռուսաստանը նուրբ դիվանագիտություն է վարում որոշակի ուժային բաղադրիչներով․ Լուկիանով

«Ռուսաստանը համար Հարավային Կովկասի նշանակությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ ռուս-թուրքական շփումներին, Ռուսաստանի հետագա դիրքավորմանը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։

Նշենք, որ «Կոմերսանտ» պարբերականին տրված գրավոր հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում  սիրիացի զինյալների թեման Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներում։

Պատերազմի 39 օրերի ընթացքում ՌԴ-ն ակտիվ դիվանագիտական ջանքեր է ներդնում՝ դադարեցնելու համար ռազմական գործողություններն Արցախյան հակամարտության գոտում, սակայն, միևնույն  ժամանակ՝ Ռուսաստանի քաղաքականությունն աչքի է ընկնում ընդգծված չեզոքությամբ։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՀՀ-ին տրվելիք ռուսական աջակցության շուրջ քննարկումներ սկսելու առաջարկով, ինչին ի պատասխան՝ ռուսական կողմն ընդգծեց, որ կկատարի իր դաշնակցային պարտավորությունները, եթե գործողությունները տեղափոխվեն ՀՀ տարածք։ Չնայած շատ էին ակնկալիքները, որ Ռուսաստանը հրապարակային պետք է աջակցություն հայտնի այս պատերազմում հայկական կողմին՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, Ռուսաստանը հրապարակայնորեն չեզոքություն է պահպանում։ Ավելին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, որ Հայաստանը գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից:

Ֆյոդոր Լուկիանովը փորձեց պարզաբանել Թուրքիայի, Ռուսաստանի դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես նաև համագործակցությունն այս գոտում։

Նա նշեց, որ Ղարաբաղում Թուրքիայի նպատակը հասկանալի է, որը Թուրքիայի նախագահը չի թաքցնում՝ նա ձգտում է մասնակցել այս հակամարտության բոլոր շրջադարձերին, որոշումների կայացմանը։

«Թուրքիան, ելնելով իր նեոօսմանյան հավակնություններից, վստահ է գործում, փորձում է շահել իրավիճակը, քանի որ ռիսկեր չունի, ինքը չի պատերազմում, ինքն աջակցում է և քաղաքական տոնը հաղորդում, պատերազմում է Ադրբեջանը»,- ասաց Լուկիանովը՝ հավելելով, որ առավելապես ես այս հանգամանքով է պայմանավորված Թուրքիայի անզուսպ պահվածքը մի շարք գոտիներում։

Ավելին՝ ռուս քաղաքագետը հիշեցրեց, որ և՛ Էրդողանը, և՛ Չավուշօղլուն բազմիցս հայտարարել են, որ ՌԴ-ին առաջարկում են բանակցությունների սիրիական մոդելը՝ ՌԴ-ն՝ ՀՀ-ի հետ, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանի, իսկ մնացած խաղացողները «եղանակ չեն փոխում» և դուրս են մղվում դրանով հակամարտության գոտուց և տարածաշրջանից։ Լուկիանովը չի բացառում, որ նման մոդել  գործի, կամ պարտադիր չէ, որ լինի այդ մոդելը, և չլինի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Նրա կարծիքով՝ որևէ երկիր դեռ հստակ ուրվագիծ չունի, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչպես միջնորդները կբանակցեն։

Լուկիանովի որակմամբ՝ ռուս-թուրքական վերջին շրջանի հարաբերությունները բավականին բարդ են։ Նրա խոսքով, թեև Թուրքիայի նեոօսմանյան ձգտումները չեն անդրադառնում որևէ կերպ Ռուսաստանի վրա, դրանք Ռուսաստանի համար խնդիր են միայն Հարավային Կովկասում, որտեղ շահերը բախվում են ուղիղ կերպով, և դեռ հասկանալի չէ, թե ինչ է լինելու հետո։

«Բայց ես չեմ բացառում, որ այս ամենը կարող է հանգեցնել ոչ միայն թուրքական դիրքորոշման փոփոխության, այնպես էլ նրան, որ Ռուսաստանը սկսի փոխել իր վերաբերմունքն այս տարածաշրջանի նկատմամբ, տարածաշրջանի նշանակությունը կարող է նվազել, և ընդհանրապես վերջին շրջանում Ռուսաստանում ակտիվացել են քննարկումներն այդ հարցի շուրջ, դրանով էլ ինչ–որ տեղ կարելի է բացատրել նաև ռուսական քաղաքականությունը, որը հետագայում գուցե ավելի շեշտակի դառնա»,- ասաց Լուկիանովը՝ ակնարկելով, որ Ռուսաստանը կփորձի ազատվել իր հետսովետական ժառանգությունից՝ չպայքարելով ազդեցության համար, այն զիջելով Արևմուտքին։

Մինչ այդ, նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ խաչվում է գրեթե ամենուր՝  Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում, թեև ավելի քիչ՝ և Ղարաբաղում։

«Սակայն Ռուսաստանը նաև հասկացնում է, որ ճանաչում է Թուրքիային և նրա նախագահին՝ որպես հզոր, ուժեղ խաղացող, բայց միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը նուրբ խաղ է վարում և նուրբ դիվանագիտություն, ու չնայած սպասումներին, որ ագրեսորին կլինի հուժկու պատասխան, Ռուսաստանը գործի է դնում դիվանագիտությունն ուժային ազդեցության որոշակի  բաղադրիչներով։ Օրինակ՝ Իդլիբին վերջերս հասցված ռուսական հարվածը պատասխան էր Ղարաբաղին, և դա զայրացրեց Թուրքիային։ Ուստի միանշանակ որակումներ տալ ռուսական քաղաքականությանը՝ որպես պարտված կամ հաղթած, սխալ է, քանի որ, ինչպես Սիրիայում, ՌԴ-ն արեց քայլեր, որոնք սկզբնական փուլում քննադատվեցին, բայց ապացուցեցին իրենց կառուցողականությունն ու համարժեքությունն իրավիճակին։ Այսինքն՝ Ռուսաստանը զգույշ է գործում, բայց ուժային բաղադրիչներ ևս կիրառում է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս