«Ապագայում պետական գնումների ժամանակ առաջնահերթություն պետք է տրվի տեղական արտադրողներին, ոչ թե ամենամատչելիին». Վահրամ Միրաքյան
Կորոնավարակի պատճառով առանց այդ էլ տուժած հայրենական բիզնեսը, հիմա էլ բախվել է պատերազմական իրավիճակին: Ինչպե՞ս են ազդել կորոնավիրուսն ու պատերազմը հայկական բիզնեսի վրա, ինչպե՞ս պետք է բիզնեսը դուրս գա ստեղծված իրավիճակից, այս և բիզնեսին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է գործարար, «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի հետ:
– Ինչպե՞ս կգնահատեք այժմ բիզնեսի վիճակը Հայաստանում:
– Ընդհանուր առմամբ՝ ծանր, որոշ դեպքերում՝ ծայրահեղ ծանր: Ինձ թվում է, որ 100-ավոր, 1000-ավոր բիզնեսներ սնանկանալու են: Առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցուցակի տեսքը կփոխվի, վերջին տեղերում գտնվողները դուրս կգան, մեջտեղում գտնվողները կգնան վերջ:
– Հայտնի է, որ այս օրերին, չնայած ծանր վիճակին, հայ գործարարները օգնություն են ցուցաբերում պետությանն ու բանակին: Ի՞նչ տեսակի օգնություն է ցուցաբերվում, համակարգվա՞ծ է արդյոք այդ օգնությունը:
– Հնարավոր է, որ ինչ-որ մակարդակներում կա համակարգվածություն, խոշոր բիզնեսները միգուցե պետության հետ համագործակցությամբ են աջակցություն ցուցաբերում: Բնականաբար, մնացած ուղղություններում, այն, ինչ ես եմ տեսնում, ու մենք ենք մասնակցում ինչ-որ տարբեր պրոյեկտների՝ «Մանթաշով» գործարարների միությունով, սկզբնական փուլում էմոցիոնալ բնույթ էր կրում, ինչ ուզում էին ճակատից, այն ուղարկում էինք պարբերաբար, ամեն օր 1-2 մեքենա բեռ էինք ուղարկում, հետո մի քիչ համակարգվեց: Սկսեցինք կոնկրետ ուղղություններ վերցնել մեր հովանու ներքո ու այդ ուղղություններով աշխատել: Դա է ընդհանուր աջակցությունը և, բնականաբար, շարունակում ենք անել, քանի որ սովորաբար բիզնեսով զբաղվում է հասարակության ամենաակտիվ խավը, այս խավը ստեղծված իրավիճակում էլ է իրեն ակտիվ դրսևորում: Հիմնականում դու չես կարող բիզնեսով զբաղվել, եթե պասիվ, քայլեր չձեռնարկող անձնավորություն ես, չես կարող բիզնես սկսել, դու ավելի շուտ աշխատող կլինես ինչ-որ մի տեղ: Իսկ եթե գործարար ես, ակտիվ ես, քայլեր ես ձեռնարկում, նույնն էլ այս իրավիճակում է, հետևաբար՝ գործարարներն իրավիճակից ելնելով՝ սկսեցին քայլեր ձեռնարկել, կազմակերպել, գնալ, անել, շատ քչերն են կարողանում հանգիստ նստել իրենց տեղը, իրենց գործն առաջ տանել:
– «Մանթաշով» գործարարների միությունը հանդիպել էր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Այդ հանդիպումից հետո ավելի կանոնակարգվե՞ց օգնության տրամադրումը:
– Աշխատում ենք, ուզում ենք կոնկրետ խնդիրները հասկանալ, որ կոնկրետ խնդիրների ուղղությամբ աշխատենք: Այդպես ավելի արդյունավետ կլինի, դա էր հիմնական խնդիրը, որը լուծվեց այդ պահին:
– Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը պատերազմից հետո, որ օգնի իր երկրի գործարարին, տնտեսվարողին՝ դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից:
– Առաջնային, պարզունակ քայլերն ասեմ, որոնք մտքովս այս պահին անցնում են: Օրինակ՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ արվի, որ ապագայում պետական գնումների ժամանակ առաջնահերթություն տրվի տեղական արտադրողներին, հիմա օրենքով առաջնահերթություն է տրվում չափորոշիչներին համապատասխանող ամենամատչելիին: Երբ ամենամատչելիին է առաջնահերթություն տրվում, շատ հայկական բիզնեսներ չեն կարողանում մրցակցել, օրինակ, չինականի հետ, կամ թուրքականի, ոնց որ նախկինում էր: Երբ առավելություն տրվի տեղականին, դա թույլ կտա շրջանառությունն ավելացնել:
Երկրորդը՝ արտահանմանը խթանող որոշակի քայլեր են պետք, որովհետև գիտենք՝ բիզնեսի ուժեղանալու հիմնական ուղղությունը, արագ ուղղությունն արտահանումն է: Գիտենք, որ արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և այլն, թուրքական ապրանքը հանել են իրենց տաղավարներից, տեղը դատարկ է մնացել: Սա լավ առիթ է, հուսով եմ՝ կօգտվենք, մենք որոշակի քայլեր փորձում ենք ձեռք առնել, պետք է գնալ այնտեղ, հարաբերություններ հաստատել, բայց որոշ բաներ բիզնեսն ինքնուրույն չի կարող անել, կամ, օրինակ՝ Չինաստան գնալ, մսամթերքի արտահանում կազմակերպել, դա բիզնեսը մենակ չի կարող անել, նաև պետությունը պետք է խառնվի այդ հարցերին:
Երրորդը՝ պետք է տեղականին աջակցել ցանկացած վայրում: Գիտենք, որ Բելառուսում օրենք կա, որ սուպերմարկետներում, տաղավարներում, խանութներում ապրանքի 40 տոկոսը պետք է բելառուսական լինի: Օրինակ՝ եթե կարագ է վաճառվում, ապա 40 տոկոսը պետք է լինի տեղական կարագ: Շատ լավ կլիներ, որ այդպիսի օրենք լիներ նաև Հայաստանում: Թող 40 տոկոսը չլինի, թող լինի 10-20 տոկոսը, բայց տեղականը, ներկրվածին համարժեք լինի տաղավարներում, սուպերմարկետներում, խանութներում և այլն:
Ես ընդամենը 3 տարբերակ նշեցի, որոնք տեղական արտադրողին, արտադրանքին թափ կհաղորդեն: Ես մի ուղղության մասին խոսեցի, բայց կան նաև այլ ուղղություններ, օրինակ՝ ծառայություններ, բայց տեղական արտադրանքի իրացումն ամենակարևոր ուղղություններից է:
– Կառավարության որոշմամբ՝ դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելվելու է թուրքական վերջնական սպառման արտադրանքի ներկրումը Հայաստան: Սա կնպաստի՞ հայրենական արտադրանքի իրացման ծավալների մեծացմանը:
– Ինչ-որ առումներով՝ արդեն նպաստել է, ինչ-որ առումներով՝ դեռ կնպաստի, ինչ-որ առումներով էլ՝ չի նպաստի: Ոլորտներ կան, որ թուրքականը դուրս գա, կմտնի հայկականը, որովհետև համարժեքը կա, ոլորտներ կան, որ դեռ չկա համարժեքը, դրա համար հայկականը չի հասցնի մտնել, դրա համար տեղը կզբաղեցնի, օրինակ՝ չինականը: Հուսով եմ՝ տեղական արտադրողները նախաձեռնողականություն կդրսևորեն: Օրինակ՝ թղթյա պարագաների ոլորտում թուրքականը դուրս եկավ, տեղականն անմիջապես տեղը գրավեց, քանի որ պատրաստ, ուժեղ, համարժեք պրոդուկտներ ունեինք, որոնք ուղղակի չէին կարողանում շուկա մտնել, քանի որ թուրքականը գերակա էր: Հիմա դուրս եկավ, տեղականը՝ հայկականը, մտավ՝ անձեռոցիկներ, հիգիենայի թղթյա պարագաներ, տեղականը շատ արագ թուրքականի տեղը զբաղեցրեց, որակական տարբերություն էլ չենք զգա: Բայց ոլորտներ կան, որ տեղական համարժեքը չկա, ինչ-որ ժամանակ անց կստեղծվի, բայց պետք է նախապայմաններ ստեղծվեն, որ տեղը չզբաղեցնի, օրինակ՝ չինականը, կամ, ենթադրենք, մալազիականը: