«Նրանք բավական ուշացել են՝ Թուրքիայի նկրտումները սանձելու առումով». Թուրքագետ

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ահաբեկչական պատերազմին զուգահեռ՝ Թուրքիայի հրահրմամբ Եվրոպայում այս օրերին ակտիվանում է ահաբեկչությունը:

Ինչպե՞ս կհակազդի Եվրոպան թուրքական այս քաղաքականությանը և կկարողանա՞ արդյոք զսպել Թուրքիային իր նկրտումներում՝ 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչական գործողություններն ընդհանուր մի գործընթացի մաս են կազմում, որովհետև թուրքական ահաբեկչական տարբեր ցանցեր Եվրոպայում հայտնվել են դեռևս անցյալ դարի կեսերից, և դրանք մեծ մասամբ ղեկավարվում են Թուրքիայի կողմից, այսինքն՝ դրանք թուրքական պետության կամ պետականության որոշակի ստորաբաժանումներն են և, ըստ պետությունից եկած հրահանգների՝ իրականացնում են ահաբեկչական գործողություններ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի հակազդեցությանը, կարծում եմ՝ այն էֆեկտիվության առումով բավական թույլ է: Նրանք բավական ուշացել են Թուրքիայի նկրտումները սանձելու առումով, և ընդհակառակը՝ իրենց երկար տարիների գործունեությամբ՝ ուժեղացրել են Թուրքիային՝ նրան դարձնելով աշխարհի ամենահզոր բանակներից մեկն ունեցող պետություն, դարձնելով ՆԱՏՕ-ի անդամ-պետություն և երկար տասնամյակներ նաև անուղղակիորեն սատարել են թուրքական ագրեսիան՝ չընդունելով նրա տարբեր հանցագործություններ, այդ թվում և՝ Հայոց ցեղասպանության փաստը:

Եվ նաև պետք է հասկանալ, որ Եվրոպան ոչ մի առումով միասնական չէ, և այն շահերը, որոնք ունեն եվրոպական տարբեր պետություններ, շատ հաճախ հակադիր են լինում իրար, և դրա վրա էլ Թուրքիան փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել՝ առաջ տանելով իր նպատակները: Այսինքն՝ եթե ինչ-որ մի բան ձեռնտու չէ Ֆրանսիային, ապա այդ հարցի նկատմամբ լոյալ է Մեծ Բրիտանիան, ինչը հնարավորություն է տալիս Թուրքիային մանևրելու և շարունակելու իր ագրեսիվ քաղաքականությունը»:

Թուրքագետի համոզմամբ՝ սա Թուրքիա-Եվրոպա արդեն ստանդարտ դարձած հարաբերությունների հերթական փուլերից մեկն է, և լավատես չէ, թե Եվրոպան կկարողանա դասեր քաղել և անել համարժեք պատասխան քայլեր:

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին և պատասխանելով հարցին, թե այս կամ այն թեկնածուի ընտրության պարագայում արդյո՞ք որևէ փոփոխության կենթարկվեն այդ հարաբերությունները, կլինե՞ն այնպիսի արմատական փոփոխություններ, որոնք նաև ձեռնտու կլինեն Հայաստանին, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց.

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները հենված են բավական լուրջ հիմքերի վրա, որոնց մեջ կան փոխշահավետ տարատեսակ բաղադրիչներ, և երկու պետությունների համար էլ այդ հարաբերություններն ունեն կարևորագույն նշանակություն:

Քանի որ ԱՄՆ-ը այնպիսի պետություն է, որ անկախ նախագահների անձից՝ պետական գերակայությունները շարունակում են մնալ դոմինանտ, ենթադրում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների այդ ստրատեգիական կարևոր բաղադրիչները շարունակելու են մնալ նույն օրակարգային կարգավիճակում: Իսկ ակնկալել, որ այդ հարաբերություններն այնքան կվատանան, որ կկարողանանք հայկական տարատեսակ խնդիրների կարգավիճակը փոխել և օգտվել նաև ամերիկյան աջակցությունից, այդքան էլ իրատեսական չէ:

Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է՝ չտարվել ոչ իրատեսական մոտեցումներով և առաջնորդվել ավելի ռեալ շահերով:

Միգուցե մակերեսային որոշակի դրսևորումներ լինեն, բայց խորքային՝ գոնե այս պահին, ես չեմ տեսնում»:

Քանի որ օրերս լրատվամիջոցները տեղեկացրին, որ Թուրքիան տարհանել է իր զինվորական անձնակազմը և տեխնիկան Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող խոշորագույն ռազմակայանից՝ թուրքագետից նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան այդ ուժերը տեղակայի այս տարածաշրջանում՝ ավելի լարելով իրավիճակը, նա պատասխանեց.

«Թուրքիայի կարևոր առաջնահերթություններից է տարբեր տարածաշրջաններում ռազմաբազաների հիմնումը և ուժեղացումը, ու ըստ նպատակահարմարության՝ կարող են որոշ տարածքներում լինել վերաձևավորումներ, այսինքն՝ ինչ-որ մի տեղ թուլացնի ռազմաբազայի ներուժը, ինչ-որ մի տեղ ավելացնի, կամ ստեղծվեն նորերը:

Թուրքիայի ռազմաբազաներ հիմնելու մոլուցքն ուղիղ համեմատական է տարածաշրջանում լարվածության աճին, և ենթադրում եմ, որ հաջորդ թիրախը, որը դառնալու է թուրքական ռազմաբազա ստեղծելու համար հարմար առիթ, Ադրբեջանն է, այսինքն՝ ռազմաբազա անմիջապես մեր հարևանությամբ, որն ավելացնելու է լարվածության չափաբաժինը»:

Տեսանյութեր

Լրահոս