Ի՞նչ եղավ հանրաքվեի համար հատկացված 3,5 միլիարդ դրամը, ու որքա՞ն գումար կհատկացվի ԿԸՀ-ին 2021թ․ բյուջեով

2021 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսված է 1 միլիարդ 865 միլիոն դրամ, որից 385 միլիոնը կուղղվի համակարգի պահպանությանը, 58 միլիոն դրամը՝ ուսուցման կոմպոնենտին, իսկ մնացած ամբողջ գումարը՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը, քանի որ եկող տարի 484 համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնցից համայնքի ղեկավարի ընտություն նախատեսված է 62 համայնքում։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բյուջե 2021-ի քննարկմանը մասնակցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ 2020 թվականը ծանր տարի է, իսկ 2021 թվականի նախատեսված ընտրությունները՝ ծախսատար, արդյո՞ք ԿԸՀ-ն հաշվարկել է, թե չկայացած հանրաքվեի վրա ծախսված գումարները որքանով կարող են այժմ թեթևացնել սպասվող ՏԻՄ ընտրությունների ֆինանսական բեռը։

Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց․ «Հանրաքվեի համար պատվիրվել էին ընտրական նյութեր՝ կնիքներ, քվեարկության ծրարներ, և այլն, դրանք պահպանվել են և մյուս ընտրությունների համար կիրառվելու են, հետևաբար՝ բոլոր այն նյութերը, որոնք գնվել էին հանրաքվեի համար, բայց չեն օգտագործվել, դրանք կօգտագործվեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից՝ հանրաքվեի համար հատկացված գումարի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, պետք է ծախսվեր հանձնաժողովների անդամների վարձատրության համար, բնականաբար, նման գումարներ չեն ծախսվել, որևէ մեկը վարձատրություն չի ստացել, քանի որ հանրաքվեն չի կայացել»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համար ԿԸՀ-ին հատկացվել էր 3․5 միլիարդ դրամ, սակայն հանրաքվեն չեղարկվեց՝ պայմանավորված համավարակով։

Տեսանյութեր

Լրահոս