«Հայկական ԶՈւ-ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր վաղ առավոտյան գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը վարձկանների, հրոսակախմբերի հետ շարունակել են հարձակողական գործողությունները:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հայկական ԶՈւ–ն շարունակում է դիվերսիոն խմբեր ոչնչացնել տարբեր գյուղերում, մասնավորապես, Թաղավարդ գյուղի շրջանում, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:
«Այսօր վաղ առավոտյան Մարտունի քաղաքից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ փորձել են հարձակում զարգացնել: Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ հետ են շպրտել ելման բնագծեր: Եվ ամբողջ օրվա ընթացքում մեր ստորաբաժանումները հատկապես հրետանային կրակով շարունակել են թշնամու ուժերի ոչնչացումը: Կեսօրին մոտ հյուսիսային հատվածում` Քարվաճառի ուղղությամբ, մի քանի տեղամասում դիակները հանելու պատրվակով ծխածածկույթի տակ փորձել են դիվերսիոն ներթափանցում իրականացնել, բայց հայտնաբերվել են և հեռահար կրակով ոչնչացվել և հետ շպրտվել»,-նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ քիչ առաջ «Սմերչ» կայանքից հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Կան տուժածներ, հրդեհ է բռնկված, որի ուղղությամբ աշխատում են հրշեջները։
«Ստեփանակերտում թիրախավորվել է Մոր և մանկան կենտրոնը: Սա ի ցույց աշխարհի»,-եզրափակեց Հովհաննիսյանը: