COVID-19 թեստերի արժեքը Հայաստանում ու աշխարհում

ԱԺ-ում այսօր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թեստերի գնի առումով մի շարք երկրների հետ համեմատություն  են կատարել ու պարզվել է, որ Հայաստանում այդ թեստերն էականորեն ավելի էժան են:

«Ես փաստն եմ արձանագրում»,- ասել է Գեղամ  Գևորգյանը։

Նշենք, որ Հայաստանում COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստավորման արժեքը, որը, ի տարբերություն rapid՝ արագ թեստերի, ճշգրիտ տեղեկություն է տալիս անհատի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին և կազմում է  17-25.000 դրամ: Նմուշառումն այս դեպքում իրականացվում է քթից և կոկորդից, թեստի պատասխանը անհատը ստանում է մեկ օր հետո:

ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի 23-ին հայտարարություն էր տարածել, հայտնել, որ ՏՄՊՊՀ ղեկավաը հանդիպել է COVID-19 ախտորոշման թեստավորում իրականացնող մի քանի ընկերությունների հետ, որոնք ներկա իրավիճակում բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի շուրջ քննարկման ժամանակ պատրաստակամություն են հայտնել նվազեցնել ծառայության մատուցման գինը, դարձնել առավելագույնը 15.000  դրամ:

Սակայն սա չի վերաբերել տնային այցերին, անհատական կանչերին, որոնց դեպքում քաղաքացիները հաճախ վճարում են 25.000 դրամ:

Հարևան Վրաստանում, օրինակ, COVID-19 անվճար ՊՇՌ թեստ կարելի է հանձնել այն դեպքում, երբ պացիենտն ունի վառ արտահայտված նախանշաններ: Հակառակ դեպքում՝ քաղաքացին պարտավորվում է թեստի համար վճարել 600-700 լարի, որը 100.000 դրամի սահմաններում է:  Վրաստանում առ այսօր անցկացվել է 860418 թեստ։

ՌԴ-ում COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստի արժեքը 3.000 ռուբլի է, այլ կերպ ասած՝ 20-21.000 դրամ: Ռուսաստանում իրականացված ընդհանուր թեստերի թիվն է՝ 61 954 566։

Ավելի բարձր է ախտորոշման թեստավորման արժեքը Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Միացյալ Թագավորությունում, օրինակ, ՊՇՌ թեստի արժեքը սկսվում է 100 ԱՄՆ դոլարից ու կախված է այն բժշկական կենտրոնից ու ծառայության տեսակից, որից անձն օգտվելու է: Միացյալ Թագավորությունում  իրականացվել է 34 400 076 թեստ:

Private Harley Street կլինիկան, օրինակ, աշխատակցին ուղարկում է թեստավորվել ցանկացող քաղաքացու տուն, որտեղ աշխատակցի օգնությամբ ՊՇՌ թեստավորում է իրականացվում, իսկ արդյունքի մասին տեղեկությունը, ինչպես նաև աշխատավայր ներկայացնելու կամ ճամփորդելու համար անհրաժեշտ տեղեկանքը  քաղաքացին ստանում է հաջորդ օրը: Այս դեպքում քաղաքացին պարտավոր է վճարել 350 ԱՄՆ դոլար:

Եվրոպական մյուս երկրներում ևս COVID-19 ախտորոշման ՊՇՌ թեստի միջին արժեքը 200 ԱՄՆ դոլար է:

COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստավորման արժեքը ԱՄՆ տարբեր նահանգներում տարբեր է: Նյու Յորքում, օրինակ, միջին արժեքը 994 ԱՄՆ դոլար է, Մայամիում՝ 2.662 ԱՄՆ դոլար:

Մայամիի հետ կորոնավիրուսի թեստի ամենաբարձր արժեքն է գործում նաև Սան Ֆրանցիսկոյում: ԱՄՆ այս երկու հատվածներում թեստավորման արժեքն ընդհուպ կարող է հասնել 3.000 ԱՄՆ դոլարի:

Անհետաձգելի դեպքում, երբ ակնհայտ են ախտանիշները, Նյու Յորքում հնարավոր է ՊՇՌ թեստավորում անցնել 352 ԱՄՆ դոլարով: Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ 149 728 911 թեստ է անցկացվել։

Կանադայում COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ թեստի միջին արժեքը 165 ԱՄՆ դոլար է: Կանադայում թեստերի ընդհանուր թիվն է` 9 753 158:

Առավելագույն թեստերն անցկացվել են Չինաստանում՝ ընդհանուր առմամբ՝  160 000 000։

Նշենք նաև, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանը, որ ավելի վաղ հայտնել էր, թե օրական 1.500-2.000 թեստ է արտադրվում, երեկ 168.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ 100.000 թեստ տրամադրվել է  ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին, ու այս փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ առ այսօր իրականացվել է 412.515 թեստ:   Երկրում երեկվա դրությամբ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94 776-ի:

Նշենք, որ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն՝ առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:

Այդ ամենը հաշվի առնելով՝ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:

 

Տեսանյութեր

Լրահոս