
Լավրովը պատմել է ԼՂ-ում հրադադարի հասնելու հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին

Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, որոնք ունակ են ճկուն, պրագմատիկ մոտեցում ցուցաբերել եւ միմյանց հետ համագործակցել ռազմավարական տեսլականով:
Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», – նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ ինչպես հակամարտության կողմերին, այնպես էլ նրանց արտաքին գործընկերներին կարեւոր է անշեղորեն հարգել հրադադարի, վերահսկողական մեխանիզմի ստեղծման եւ կոնկրետ ժամանակացույցով բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսման մասին պայմանավորվածություններ: