«Հզոր, հրեղեն և պատերազմի բովով անցնող և պատերազմով հասունացած տղերքի կողքին կանգնել է պետք՝ նախ և առաջ՝ զենքի տեսանկյունից». Գագիկ Գինոսյան
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն օրերս է վերադարձել Արցախից, որտեղ ականատեսն է եղել հայ զինվորների սխրանքներին, որոնք անձնուրաց պայքար են մղում թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հրոսակների դեմ՝ պաշտպանելով Արցախ աշխարհը։
Ռազմաճակատից տուն է վերադարձել՝ մասնակցելու «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անդամներից՝ Հարություն Ստեփանյանի հուղարկավորությանը, որը զոհվել է Արցախում և բռնել անմահության ճանապարհը։ Գագիկ Գինոսյանը Երևանում նաև պարզել է, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, և բժիշկների հորդորով մի քանի օր պետք է տանն անցկացնի, կազդուրվելուց անմիջապես հետո կրկին մեկնելու է Արցախ։
«Հստակ կարող եմ ասել, որ այս սերունդը շատ ավելի գաղափարական է, անկոտրում, քան մենք էինք։ Ընդամենը պետք է մեր զինվորի կողքին լինել՝ ֆիզիկապես, հոգեպես, գաղափարապես, նաև զինապես, որպեսզի նա հավասարը հավասարի դեմ կռիվ մղի, և ոչ թե անընդհատ ասենք, թե թշնամին օդում գերակայություն ունի։ Այս մասին արդեն մի քանի անգամ ասել եմ՝ մենք ազգովի, ամբողջ աշխարհի հայերով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարողացանք այնքան գումար հավաքել, որպեսզի Խորհրդային Միության բանակին նվիրենք «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը։ Իսկ հիմա մենք բոլորին հումանիտար աջակցության կոչ ենք անում, մեր տանը հիմա երեք մարդ է ապրում, որոնք տեղափոխվել են վտանգավոր գոտուց, վստահ եմ, շատերի տանն են ապրում, նաև վստահ եմ, որ որևէ մեկը փողոցում չի մնացել, հետևաբար՝ հիմա հումանիտար օգնության ժամանակը չէ, դրա ժամանակը կգա պատերազմից հետո, հիմա պետք է սահմանին կանգնած տղերքի կողքին կանգնել ու հնարավորություն տալ՝ հավասարը հավասարի հետ խոսելու։ Զենքը, արկը չպետք է խնայել, այդ ժամանակ մենք շատ շուտ ականատես կլինենք ոչ միայն հաղթանակի, այլև շատ արագ պատերազմի ավարտը կտեսնենք։ Այնպես որ, մեր հզոր, հրեղեն և պատերազմի բովով անցնող և պատերազմով հասունացած տղերքի կողքին կանգնել է պետք՝ նախ և առաջ՝ զենքի տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը։
Նա վստահ է՝ սահմանին այսօր կանգնած զինվորները Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, Մովսես Գորգիսյանի, Վլադիմիր Բալայանի և մյուս հերոսների գործի արժանի շարունակողներն են։
Այս համատեքստում, Գագիկ Գինոսյանը հիշեցրեց, որ Վլադիմիր Բալայանի որդին օրերս արժանացավ «Մարտական խաչի» առաջին աստիճանի, քանի որ գերեվարել էր սիրիացի ահաբեկչի։
«Նախորդ տարվա օգոստոսի վերջին՝ Արցախի անկախության հերթական տոնին ընդառաջ, մեր երկար պայքարից ու հորդորներից հետո Լեոնիդ Ազգալդյանին և նրա գլխավոր զինակից Վլադիմիր Բալայանին շնորհեցին Արցախի հերոսի կոչում։ Այսինքն՝ նրանց գաղափարախոսությունն այսօր առավել քան սերունդը շարունակում է։ Ավելին՝ այսօր կամավորական այն հզոր հոսանքը որ կա, առանց որևէ մեկին վիրավորելու, մեղադրելու՝ սա նախորդ, ներկայիս, նախորդների նախորդ իշխանությունների շնորհքը չէ, սա հենց այս տղերքի շնորհքն է, այն տղերքի՝ Լեոնիդի, Վլադիմիրի, Կրպեյանի, Սիմոն Աչիգոզյանի, Գորգիսյանի, Մոնթեի, որոնք իսկապես գաղափարի զինվոր էին։ Այդ տղաների շնորհիվ է, որ մենք այսօր պատերազմը չենք սկսում զրոյից, և սա կաթնակեր երեխաների կռիվ չէ, որոնք վախեցած են, մեր զինվորն իսկապես Լեոնիդին վայել պահվածք է ցուցաբերում։ Ոչ միայն ֆիզիկապես ու զենքի տեխնիկային տիրապետելու մասով գրագետ կռիվ են մղում, այլև գաղափարական ու ոգեղեն հզոր լիցք ունեն և իրենց հոգևոր դաստիարակիչն ունեցել են՝ վստահաբար»,- շեշտեց Գագիկ Գինոսյանը։
Հարցին, թե որպես Լեոնիդ Ազգալդյանի զինվոր՝ ի՞նչ խորհուրդ կտար սահմանին կանգնած հայ զինվորին, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, որ զինվորներին շատ խորհուրդներ ունի տալու, բայց այս պահին գլխավոր խորհուրդը կցանկանար իշխանությանն ու պատասխանատու մարդկանց հղել։
Ըստ Գագիկ Գինոսյանի՝ իշխանությունը և պատկան մարդիկ պետք է գիտակցեն, որ 1993-94 թվականներին արդեն հաղթող հայոց բանակում, տգետ և եռամսյա հավաքների պատճառով, ընկեցիկ վիճակի հետևանքով մարդիկ տները վաճառում էին, որպեսզի իրենց տղաներին ազատեին պարտադիր զինվորական ծառայությունից, բայց այսօր նրանք վերադառնում են հայրենիք, որպեսզի պահպանեն իրենց հողը։
«Իրենց սահմանադրական պարտքը ժամանակին չկատարած մարդիկ վերադարձել են՝ իրենց կամավորությունը միացնելու ազգի կամավոր կռվին ու հզոր կամքին։ Մենք չպետք է ցուցաբերենք այնպիսի սխալ վարք, որպեսզի հայոց կամավորությունը, որն ամենաթանկ արժեքն է, կորցնենք։ Լեոնիդ Ազգալդյանն ասում էր, որ Հայաստանը չունի ավելի թանկ արժեք, քան ազգի ազատագրմանը կամավորագրված զինվորն է, նրանց մենք չպետք է կորցնենք, որովհետև տղերքի մեծ մասը կամավորագրված է։ Ինչ վերաբերում է զինվորներին, ապա նրանց՝ առանց Նժդեհի ու Նժդեհի գաղափարախոսության, առանց ազգային ինքնաճանաչման, ազգային արժանապատվության գիտակցման՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի դուրս գան կռվի դաշտ։ Անպարտելի է այն ազգը, որը կառավարվում է ոգու ձեռքով, իսկ ոգին Հայաստանում հիմա հաստատ պակաս չունի, առավել ևս՝ կռվի դաշտում»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։