Մի քիչ զգույշ քծնեք. չէ՞ որ, ինչպես դասականն էր ասում, «рукописи не горят»

Սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը որոշ մարդկանց ու շրջանակների համար գիտակցական մակարդակում հեղափոխության պատճառ դարձավ:

Որոշ մարդիկ, այդ թվում՝ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, և կոնկրետ հիմնադրամներից սնվող ու վերջիններիս գաղափարական թեզերը տարածող հատվածներ, հանկարծ հասկացան, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր միակ ռազմավարական գործընկերն է, որ դեպի հյուսիս պետք է ուղղվեն բոլորիս հայացքները, և, որ որևէ այլ տեղից օգնություն ակնկալելն առնվազն միամտություն է:

Ճիշտ է, դիրքորոշման նմանօրինակ փոփոխության հասան այն բանից հետո սոսկ, երբ հասկացան, որ Արևմուտքը և Եվրոպան կոնկրետ թքած ունեն՝ այստեղ ֆոսֆորայի՞ն, թե՞ կասետային զինատեսակներից են կանայք, ծերերն ու երեխաները զոհվում, և արդեն բացեիբաց նրանց գովերգելն առնվազն ճիշտ չէր ընկալվի, բայց զարմանալիորեն երեկվա ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած հեղափոխականները գոնե իրենց չեն զսպում իրենց ցուցադրական ռուսամոլության մեջ փոքր-ինչ չափավոր լինելու համար:

Չէ՞ որ, ինչպես դասականն էր ասում, «рукописи не горят», և սոցիալական ցանցերի մեր դարաշրջանում ամեն ինչ այնքան հեշտ է հիշել ու հիշեցնել:

Երբ տարիներ շարունակ, ու հատկապես իշխանափոխությունից հետո ավելի ջանադրաբար սորոսական շրջանակները պահանջում էին Հայաստանից հանել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, երբ հակառուսական զանազան ակցիաների ակտիվ մասնակից էին դառնում ու իրենց սոցցանցային էջերն ամեն «հարմար» առիթով դարձնում հակառուսական խրախճանքի դաշտ, երբ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ էին անում, որ ռուսական հեռւուստաալիքները փակեն, ինչին անգամ ՌԴ դեսպանն անդրադարձավ, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովին նոր իրողություններին հարմարվելու կոչ էին անում, իսկ Նիկոլ Փաշինյանի հայացքն էլ իշխանական ընտանիքին պատկանող  լրատվամիջոցում դառնում էր Պուտինին սաստող,  չէին էլ պատկերացնում, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «էսօրվա վաղն էլ կա», և այս ամենը մի օր հատ-հատ դրվելու է իրենց առջև, ինչը և ռուսական քաղաքական գործիչներն ու լրագրողները հաջողությամբ անում են:

Ու որքան էլ հիմա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասի, որ իրենք հակառուս չեն և չեն էլ եղել, իսկ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էլ (ի դեպ, Արսեն Խառատյանը Հայաստանում հեղափոխությունը հաջողությամբ գլուխ բերելով, այժմ էլ ԱՄՆ-ում անցել է Ջո Բայդենի օգտին քարոզին և հայ համայնքին նրան ընտրելու կոչեր է անում) իր հակառուսական գրառումները տարածի ու ջնջի, բոլորն ամեն ինչ տեսնում են ու հիշում:

Ու բոլորովին զարմանալի չէ, որ այսօր արդեն, երբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է ևս մեկ անգամ ուզում շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և անձամբ Պուտինին, Ֆեյսբուքում կայծակնային արագությամբ տարածվում են նրա՝ ավելի վաղ արված գրառումները տարբեր առիթներով, որոնցում ոչ թե առողջ քննադատություն է ռազմավարական գործընկերոջ ու նրա ղեկավարի հասցեին, այլ վիրավորանք պարունակող կոշտ արտահայտություններ, երբեմն էլ՝ հայհոյանքների ակնարկներ:

Վստահ ենք, որ այս շարքը դեռ համալրվելու է, բայց ֆիքսենք նաև, որ քաղաքական գործչի համար, ով նաև հավակնություն ունի պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնելու, հեռատեսությունը բոլորովին էլ վատ որակ չէ:

Տեսանյութեր

Լրահոս