Արմավիրում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը նույնպես Մրգաշատում էր։ Ստացված տվյալներն իրացնելով՝ նրանք այցելել են Մրգաշատ գյուղի բնակիչներից մեկի տուն: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել չորացրած, մանրացրած դեղնականաչավուն զանգված։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 40 գրամ կանեփանման զանգված։