
«Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ են ընթացել». Արծրուն Հովհաննիսյան

Դավիթ Բեկի ուղղությամբ այսօր իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ավելի հանգիստ է եղել, Դավիթ Բեկից ավելի արևելք մարտական գործողություններ ընթացել են երեկ, այսօր էլ կան, բայց երեկվա ու առաջին օրվա սաստկությունը չկա»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Սյունիքի մարզում իրավիճակն այս պահին փաստորեն հանդա՞րտ է, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝ հանդարտ չէ:
«Մարտեր կան տարբեր ուղղություններում, տարբեր օջախներում, բլուրների շրջակայքում, ճանապարհներին, բայց համեմատած նախորդ մարտական գործողությունների, համեմատաբար հանգիստ է»,- լրացրեց ՊՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել էին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը:
«Այս ուղղությամբ մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել էր Հովհաննիսյանը: