«Պապա, էս հարցը պիտի լուծենք, չպիտի թողնենք հաջորդ սերունդներին, իմ Մհերին չպիտի թողնենք». Զոհված կամավորական Սևակ Մնացականյանի պատգամները

Հաղթանակը հեշտ չի տրվելու, հաղթանակը պետք է վաստակել նաև խելքով։ Այս համոզումն ուներ Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ հոկտեմբերի 19-ին զոհված կամավորական Սևակ Մնացականյանը:

Սևակի վերջին տեսաուղերձները հուզեցին, սթափեցրին ու ոգեշնչեցին շատերին:

«Խոսքս ուղղում եմ զինվորներին։ Տղանե՛ր, Աստծո և սատանայի արանքում դուք այսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք այսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք տալիս չարի ու բարու սահմանումը, դուք եք որոշում ինչքան լավ բաներ պետք է այս երկրի վրա կատարվեն, դրա համար դուք ինձ համար կիսաստվածներ եք, տղե՛րք։ Թող Աստված ձեզ տա առողջություն, ուժ, կորով, որպեսզի կարողանաք պատվով դուրս գալ այս իրավիճակից։

Եկեք փաստենք, որ մենք էստեղ ենք, զինվորն այստեղ է մի պարզ պատճառով, որովհետև մեր դիվանագետները պարտվել են, որովհետև մեր մտավորականները պարտվել են, մեր արվեստի գործիչները պարտվել են, մեր գիտնականները պարտվել են… Յուրաքանչյուրն իր ոլորտում պարտվել է։ Դրա համար այսօր հայ զինվորն իր արյունով կանգնած է լինելիության վերջնագծին»,- ռազմաճակատից եղբորն ուղարկած իր ուղերձում նշում է Սևակը:

Նա ևս իր արյունով կանգնեց լինելիության վերջնագծին՝ թողնելով իր ընտանիքը, իր կնոջն ու երկու զավակներին:

Սևակի հայրը` Բախշիկ Մնացականյանը, պատմում է, որ դեռ մանկուց որդին տարբերվել է իր տարեկից շատ տղաներից՝ ներաշխարհով, ազգային արժեքների հանդեպ յուրահատուկ վերաբերմունքով. «Սևակին յուրահատուկ ասելը շատ քիչ է, փոքր տարիքից էլ, երբ ուրիշներն ուրիշ թեմաներից էին խոսում, իր համար առաջինն ազգայինն էր»:

Ռազմաճակատ գնալու Սևակի որոշումը չի զարմացրել հորը, քանի որ նա նաև ապրիլյան պատերազմին էր շտապել կամավորագրվել. «Ապրիլյան պատերազմին մասնակցեց, ես չիմացա, հետո իմացա: Ես չէի էլ կասկածում, որ ինքը կգնա: Հպարտ եմ, որ Սևակի պես տղա ունեմ:

Այս թեմայով շատ է եղել՝ ասում էր՝ ահավոր է վիճակը, պապա, պետք է դեմն առնենք անպայման, էս հարցը պիտի լուծենք, չպիտի թողնենք հաջորդ սերունդներին, իմ Մհերին չպիտի թողնենք»:

Հայրը չի հաշտվում որդու մահվան հետ, ասում է, որ որդին հետ է գալու. «Ես չեմ պատկերացնում իր չլինելը, ես մտածում եմ, որ տեղ է գնացել ու պետք է գա»:

Եղբոր՝ Մասիսի համար նույնպես Սևակի որոշումն անսպասելի չի եղել. «Ես գիտեի, որ ինքը գնալու է, որովհետև եթե կար ազգի հետ կապված որևէ հարց, որևէ խնդիր, ինքը միշտ առաջինն էր, առաջին շարքերում»:

Մասիսը հիշում է՝ Սևակի ամենամեծ երազանքներից էր ազգային մարտարվեստի դպրոց ունենալը: Երկար տարիներ ձյուդո մարզաձևում հմտացած Սևակը մեծ դժվարություններով երազանքն իրականություն է դարձրել՝ հիմնելով Շվաք Ազգային Մարտարվեստի Ֆեդերացիան, նա հասցրել է զբաղվել սերունդների դաստիարակությամբ:

Ռիման՝ Սևակի կինը, իր հերոս ամուսնու մասին հակիրճ է խոսում. «Երեխաներին շատ էր սիրում, բոլորին էր սիրում, բոլորին նվիրված էր, հատկապես՝ իր Հայաստանին»:

 

Տեսանյութեր

Լրահոս