Հայաստանյան ներքաղաքական կյանքում մեծ ինտրիգ է զարգանալու արտաքին խաղացողների ներգրավմամբ․ Վադիմ Դուբնով
«Բացի պատերազմական զարգացումներից, դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից, Հայաստանում կան ներքաղաքական զարգացումներ ևս»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում շարունակվող պատերազմին, դրա շուրջ քաղաքական և դիվանագիտական գլոբալ գործընթացին։
Վադիմ Դուբնովի դիտարկմամբ՝ հակամարտության շուրջ բոլոր երկրներն իրենց խաղն են տանում, խոսքն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասին է։ Հատկապես ուշագրավ զարգացումներ են լինելու, նրա խոսքով, Ռուսաստան-Թուրքիա հարթությունում, քանի որ արդեն հասկանալի է, որ Թուրքիան որոշակի դերակատարություն ունենալու է այս կարգավորման գործընթացում, հարցն այն է, թե ինչպես է այն ձևակերպվելու, և իրական ինչ լիազորություններ է ունենալու Թուրքիան։
«Կարևոր է նաև, թե ինչ դեր է ունենալու այս ամենում Իրանը, և, թե այս ամենից հետո ինչ կմնա հակամարտող կողմերին»,- ասաց Դուբնովը՝ նշելով, որ այս երկրներն են հավակնում ունենալ առանցքային դերակատարություն կարգավորման գործընթացում։ Դուբնովի կարծիքով, բացի պատերազմական զարգացումներից, դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններից, կան ներքաղաքական զարգացումներ ևս։
Նրա դիտարկումների համաձայն՝ հայաստանյան քաղաքական դաշտը ներկայումս դիրքավորվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, գործընթացն արդեն իսկ սկսվել է, և այն ողջ ծավալով ընթանում է։
«Այլ հարց է, որ ոչ ոք նրան չի ցանկանում հեռացնել հենց հիմա, քանի որ բոլորը սպասում են ինչ-որ հստակության, որը, ամենայն հավանականությամբ, այնքան էլ դրական չի լինի Հայաստանի համար, և այստեղ զարգանալու է մեծ ինտրիգ արտաքին խաղացողների ներգրավմամբ»,- ասաց Դուբնովը՝ հավելելով, որ դա վերաբերում է ետպատերազմական փուլին։
Անդրադառնալով ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետի՝ աջակցության առաջարկով դիմումին, Դուբնովն ասաց, որ գործողությունների տեղափոխումը կամ գործողությունների ընդլայնումը ՀՀ տարածք շատ քիչ հավանական է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն իր ռազմական իր նպատակին հասնելու հարցում մասշտաբային իմաստով պարտվել է։
Նրա խոսքով, ՀՀ-ի ուղղությամբ եղել են ոչ համակարգային բնույթի խախտումներ։ «Իսկ Փաշինյանի դիմումը Մոսկվային կրում է ներքաղաքական բնույթ, քանի որ դա այն է, ինչի մասին շատ քաղաքական ուժեր խոսում էին, և դրանով իսկ նա փորձում է իր օգտին միավորներ վերականգնել և փրկել իր փիառ իրավիճակը»,- ասաց Դուբնովը։
Նա նշեց, որ ՌԴ ԱԳՆ արձագանքը համարժեք էր իրավիճակին։
Ինչ վերաբերում է ռազմաճակատից ստացվող տեղեկություններին, ապա, Դուբնովի կարծիքով, ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարել է բանակցային ճակատում որոշակի սպասելիքների ֆոնին։
Նրա գնահատմամբ՝ ադրբեջանցիները տակտիկական իմաստով հասել են որոշակի առաջընթացի, և կփորձեն դրանով ճնշում բանեցնել բանակցային սեղանին։
Դուբնովի խոսքով, սա Ադրբեջանի համար ձեռնտու բանակցային դիրք է։
Թե ինչն է պատճառը, որ չի հաջողվում հրադադարը պահպանել և բանակցել, Դուբնովն այն կարծիքին է, որ հակամարտող կողմերը ներկայումս փորձում են իրենց դիրքորոշումները համաձայնեցնել արտաքին խաղացողների դիրքորոշումների հետ։ Նրա որակմամբ, սա բարդ փուլ է, հեշտությամբ չի տրվում անցումը դեպի բանակցային գործընթաց, խաղալով զուգահեռաբար սեփական խաղը և համաձայնելով արտաքին խաղացողների «խաղին»։
«Ղարաբաղի կարգավիճակի, բոլոր այլ հարցերում կրկին դիրքորոշումները տարբեր են, ուստի հիմա պայմանավորվելը բարդ է։ Հիմա կարծես բոլորը սպասում են ինչ-որ նոր ստատուս-քվոյի ձևավորման, որն ինչ-որ ձևով կհամապատասխաներ առաջին հերթին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերին»,- ասաց Դուբնովը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի փորձերին՝ կարգավորել հակամարտությունը և տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ, Վադիմ Դուբնովն ասաց, որ այս հայտարարությունը հնչել է, և դրանով իսկ թեման կարծես ավարտվել է։ «Վաշինգտոնից հնչող հայտարարությունները չպետք է լուրջ ընկալել։ Դա ևս նմանատիպ հայտարարություն էր, որևէ մեկը դա լուրջ չի ընկալել և քննարկել»,- ասաց Դուբնովը։