«Այսօրվա դրությամն 300-ից ավելի արգելված հրապարակումների 1/3 մասը բաժին է ընկնում լրատվամիջոցներին». Փոխոստիկանապետ

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը  հիմնականում սոցցանցերի և էլեկտրոնային հրապարակումների ամենօրյա և ամենժամյա մոնիտորինգ է իրականացնում։

«Այն կոչերը, հղումները, ուղերձները, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ դրանցով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Ինչ վերաբերում է իշխանափոխության մասին կոչերին, ապա դրանցով ևս աշխատանքներ տարվում են, սակայն հիմնականում քրեորեն համապատասխան հոդվածներով են իրավապահ մարմիններն աշխատանք տանում, օրինակ՝ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված է, թե կոնկրետ որ գրառումների դեպքում է պետք հսկողություն սահմանել, և որ դեպքերում են դրանք ենթակա տույժերի և հեռացման։

«Մեր կողմից ամեն օր հրապարակվում են տվյալ թվերը, եթե չեմ սխալվում՝ այսօրվա դրությամբ արգելված հրապարակումները մոտ 300-ից ավելին էր, որի 1/3 մասը բաժին է ընկնում լրատվամիջոցներին։ Ինչ վերաբերում է  պաշտոնատար անձանց, ապա համաձայն տվյալ օրենսգրքի համապատասխան դրույթների՝ ենթակա չեն տուգանման, դա սահմանված է օրենքով, հետևաբար՝ մենք առաջնորդվում ենք օրենքի պահանջներով»,- հավելեց փոխոստիկանապետը։

Հարցին՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որն իշխանափոխության կոչ էր արել, իրավապահները նրա հետ կապ հաստատե՞լ են, Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ կոնկրետ անձանց հետ կապված տեղեկատվություն չի կարող փոխանցել։

«Բոլոր դեպքերով, որտեղ մեր մոնիտորինգի արդյունքում առկա է լինում օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավախախտում, մենք դրանով զբաղվում ենք։ Կրկնում եմ՝ հաշվի առնելով անձնական տվյալների վերաբերյալ համապատասխան օրենքի դրույթները, չեմ կարող անձնական տվյալներ տրամադրել։ Համաձայն Քրեական օրենսգրքի՝ իշխանության զուտ հրաժարական պահանջելը պետք է դիտարկել համապատասխան դիսպոզիցիայով, թե ինչպես է սահմանված, եթե այնտեղ տեսնում ենք որոշակի բռնության կոչեր, 300 և 301 հոդվածներով իշխանության բռնի տապալման կոչերը ենթակա են պատասխանատվության ենթարկելու, իսկ եթե բռնի տապալման կոչեր չկա, ապա պատասխանատվության ենթարկելը հնարավոր չէ»,- եզրափակեց Արա Ֆիդայանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը՝ Կառավարությունը պետք է հրաժարական տա և երկրի կառավարումը հանձնի բանակին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս