Կառավարության պարտքը կաճի․ կանխատեսվում է պարտք-ՀՆԱ 65 % հարաբերակցություն․ Ատոմ Ջանջուղազյան
«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք Կառավարության պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում՝ պարտքի աճ, և սա այն ուղղությունն է, որին պետք է ծառայի հարկաբյուջետային քաղաքականությունը ճգնաժամային իրավիճակում»,- այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Ըստ նախարարի՝ եթե մենք ուզում ենք վերադառնալ պարտքի կայունության, ապա պետք է ունենանք հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցություն։
«Ենթադրվում է, որ օրենսդրական ավելի խիստ սահմանափակումներ կարող են առաջանալ, որ Կառավարության պարտք-ՀՆԱ 60 տոկոսի շեմ գերազանցումից հետո այնքան ժամանակ, քանի դեռ պարտքի բեռը չի նվազեցվել, հարկադրված միջոցառումներ իրականացվեն, որ պարտքը կարողանանք պահել կառավարելի միջակայքում»,- ասաց Ջանջուղազյանը՝ շեշտելով՝ քանի որ պարտքի բեռի ավելացումից և դրա գնահատականից է կախված առհասարակ ցանկացած երկրի՝ պարտք ներգրավվելու կարողությունը, ուստի այս հարցում պետք է պահպանել հավասարակշռություն։
«2020 թվականի բյուջեով կանխատեսվում է պարտք-ՀՆԱ 65 % հարաբերակցություն, որը հաջորդ տարի կնվազի՝ հասնելով 63,2 %-ի»,- նշեց նախարարը։