«Պետք է դիմել Փաշինյանին ու նրա խորհրդատուներին, թե ինչո՞ւ է նա պատերազմից մեկ ամիս անց միայն որոշել դիմել Մոսկվային». Շարմազանով
168.am–ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
– Պարոն Շարմազանով, հոկտեմբերի 30-ին Ժնևում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Փաստորեն, այս հանդիպումը միայն նրա համար էր, որպեսզի պատերազմի ժամանակ չթիրախավորվեն քաղաքացիական օբյեկտները։ Արդյո՞ք միայն այս պայմանավորվածության համար էր հանդիպումը, և առհասարակ հրադադարի մասին ինչո՞ւ որևէ խոսք չեղավ։
– Ես այն կարծիքին չեմ, որ ժնևյան հանդիպումը բացառապես քաղաքացիական օբյեկտների վրա չկրակելու վերաբերյալ հանդիպում էր, որովհետև 6 ժամ տևած հանդիպումը չի կարող բովանդակություն չունենալ։ Այլ բան է, թե ինչ են քննարկում, և բոլորովին այլ բան, թե ինչ են հրապարակում։ Սակայն 6 ժամ տևած հանդիպումից և հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ բովանդակային որոշակի տարրեր երևում են։ Այդուհանդերձ ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն արդեն չորրորդ անգամ դրժում է իր պատասխանատվությունն ու ստորագրությունը, քանի որ Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքացիական օբյեկտները ռմբակոծվում են թշնամու կողմից։
Ադրբեջանն ու Թուրքիան ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության ջանքերի վրա։ Բացի Ռուսաստանից, որոշ դեպքերում էլ՝ Ֆրանսիայից, մնացած կարևոր խաղացողները դիտորդի կարգավիճակում են, վախվխելով քայլեր չեն անում։
– Հոկտեմբերի 31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հոկտեմբերի 10-ից հետո, քաղաքական շատ ուժեր, այդ թվում՝ նաև ՀՀԿ-ն, հորդորում էին վարչապետին դիմելու պաշտոնական Մոսկվային։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ գործընթացն այսքան ձգձգվեց, և ինչո՞ւ հիմա դիմեց վարչապետը։ Եվ նամակի բովանդակությունը Ձեզ համար հստա՞կ էր։
– Հարցին, թե ինչո՞ւ այս ամենը ձգձգվեց, ինչո՞ւ շաբաթներ անց Փաշինյանը դիմեց ՌԴ-ին՝ չեմ կարող պատասխանել, հարցը պետք է ուղղեք վարչապետ Փաշինյանին, այս հարցի հասցեատերը վարչապետն ու նրա քաղաքական թիմն է։ Մյուս քաղաքական ուժերի փոխարեն չեմ կարող ասել, բայց ՀՀԿ-ն, ես՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, բազմաթիվ անգամներ, դեռևս շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 12-ին, 14-ին, հրապարակային հանդես եմ եկել առաջարկություններով, որ պետք է ամեն ինչ անել և Ռուսաստանի միջնորդությամբ դադարեցնել կրակը և պետք է ամեն ինչ անել ու դիմել Հայաստանի դաշնակից Ռուսաստանին։
Ասել եմ, որ հայ-ռուսական պայմանագրային բազան ամբողջությամբ բավարարում է, որպեսզի մենք դիմենք Ռուսաստանին, դա 1997 թվականին պայմանագիրն է, որը ստորագրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, և երկրորդը՝ 2010 թվականի Մեդվեդև-Սերժ Սարգսյան ռուսական բազայի արձանագրությամբ է արձանագրված, որ այդ ռազմաբազան լիազորություններ ունի պաշտպանելու Հայաստանի անվտանգությունն ու սահմանները ողջ երկայնքով, ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական։ Ավելին՝ ասել ենք, որ շատ ակտիվ պետք է աշխատել դաշնակից Ռուսաստանի հետ, որ այստեղ կա երկու ռեգիոնալ բանակ՝ ռուսական և թուրքական, գրառում եմ արել նաև, որ պետք է դասեր քաղել մեր 100 տարվա պատմությունից։ Ինչպես 100 տարի առաջ Արևմուտքից չպետք էր որևէ բան սպասել, այնպես էլ այսօր, ինչպես ժամանակին բրիտանական նավերն ասում էին, որ՝ մենք չենք կարող բարձրանալ Արարատի լեռները, այնպես էլ այսօր է՝ Արևմուտքը, բացի հայտարարություններից, որևէ բան չի անում։
Այս ամենը հաշվի առնելով՝ հրապարակային և ներքին խողովակներով ասել ենք, որ պետք է դիմել Ռուսաստանին, որի համար կա իրավապայմանագրային բազա։ Հոկտեմբերի 31–ին է Նիկոլ Փաշինյանը դիմել, նրան հարցրեք, թե ինչո՞ւ է հենց այսօր դիմել։ Ինչո՞ւ եմ մտածել, որ չպետք է այդ պահին դիմեն ՀԱՊԿ-ին, որովհետև հայ-ռուսական դաշնակցային բազան լրիվ բավարարում է, երկրորդը՝ ՀԱՊԿ-ում որոշումները կայացնում են կոնսենսուսով, և պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փայլուն հարաբերություններ ունեցող որոշ ՀԱՊԿ անդամ երկրներ կարող են որոշումը ձախողեն։ Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք, քանի որ այնտեղ կա Ռուսաստանը, և ՀԱՊԿ ասելով, առաջինը հասկանում ենք՝ Ռուսաստան։ Կրկնում եմ՝ պետք է դիմել Փաշինյանին ու նրա խորհրդատուներին, թե ինչո՞ւ է նա պատերազմից մեկ ամիս անց միայն որոշել դիմել Մոսկվային։
– Ռուսական Lenta.ru-ն երեկ հայտնել էր, որ Socata TBM-930 չարտերային ինքնաթիռը Հայաստանից ուղևորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ուղղությամբ: Չնայած քաղաքացիական ավիացիան տվել էր պարզաբանում, բայց այդուհանդերձ, այս նամակը կարո՞ղ էր որևէ առնչություն ունենալ այդ՝ ինչպես ռուսական լրատվամիջոցն էր գրել՝ «խորհրդավոր» թռիչքի հետ։
– Հիմա ռազմական դրություն է, և որևէ զարգացում չեմ ուզում բացառել, բայց չեմ կարող նաև հաստատել, որովհետև նախ՝ ամբողջական գնահատական տալու համար պետք է ունենալ ամբողջական տեղեկատվություն, որն օբյեկտիվ պատճառներով մենք չունենք։ Երկրորդ, եթե ունենայինք տեղեկատվություն, ապա ռազմական դրություն է, դրա մասին չենք կարող ամբողջությամբ խոսել, սակայն մեկ բան ակնհայտ է, որ Թուրքիան մխրճվում է պրոցեսի մեջ, նրա ակտիվացումը պետք է անհանգստացնի հայկական կողմերին։ Ավելին՝ չպետք է առաջնորդվել զգացմունքային գնահատականներով, այլ սառը հաշվարկով ու սթափ գործողություններով, մենք պատերազմի առաջին իսկ օրվանից այդ առաջարկներն արել ենք։ Փառք Աստծո, ունեցել ենք երեք նախագահներ, որոնց իշխանության օրոք հայ-ռուսական դաշնակցությունն ամրապնդվել է և ամրապնդվել է իրավապայմանագրային բազայով։
– ՌԴ նախագահին ուղղված նամակից Դուք որևէ ակնկալիք ունե՞ք, հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել։
– Եթե ակնկալիքներ չունենայի, ապա շաբաթներ առաջ իշխանություններին չէի առաջարկի դիմել Ռուսաստանին։ Կա իրավապայմանագրային բազա, և այն դեռ 20-25 օր առաջ ենք առաջարկել։ Գուցե այն ժամանակ շատ ավելի դյուրին կլիներ խնդրի հանգուցալուծումը, կորուստները գուցե ավելի քիչ լինեին, քան ունենք այսօր։ Սակայն սա պատերազմից հետո վերլուծությունների ու գնահատականի հարց է, հիմա ռազմական դրություն է, և ժամանակը չէ, որ մենք դա անենք։ Ակնհայտ է, որ ՌԴ-ին դիմելու առաջարկությունը մեր կողմից եղել է շատ ավելի շուտ, կարծում եմ՝ մեկ ամիս չպետք է պահանջվեր, որպեսզի հայկական կողմը որոշեր դիմել իր դաշնակից Ռուսաստանին՝ գործի դնելու 1997 թվականի մեծ բարեկամության պայմանագիրը։ Կարծում եմ՝ Երևանում՝ Կառավարության շենքում, մեկ ամիս հետո չեն հասկացել, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիա է։