Բաժիններ՝

«Տղան ծառայությունից չպետք է խուսափի». Արցախում զոհված 18-ամյա Մարատը 3 ամսվա ծառայող էր

«Մարատը 18 տարեկան էր, 3 ամիս առաջ էր մեկնել ծառայության, շատ աշխատասեր, ընկերասեր, թասիբով տղա էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված Մարատ Զոհրակի Դադոյանի հորեղբայրը՝ Վարդան Դադոյանը:

 

Մարատը Գավառ քաղաքից էր, ապրում էր ծնողների և իրենից փոքր եղբոր հետ: Վարդանը հիշում է, որ եղբորորդին սիրում էր բոլորին օգնել, նաև մանկուց աչքի էր ընկնում հայրենիքի նկատմամբ յուրահատուկ սիրով.

«Շատ աշխատասեր էր, ամեն ինչ ձեռքից գալիս էր, որ ասեիր՝ այս բանը պետք է անես, ուրեմն՝ վերջ, պետք է 100 տոկոսանոց աներ, կարող է՝  ձեռքի հացը դներ ու վազեր իրենից օգնություն խնդրողին ինչ-որ բանով օգնելու: Աշխատասեր էր, միևնույն ժամանակ՝ հայրենասեր էր: Դեռ փոքր տարիքից միշտ հետաքրքրվում էր արցախյան պատերազմից, մեր հայ ազգի մասին, թե ոնց է եղել, ինչ է եղել, ինչի համար է հայ-թուրքական պատերազմ եղել, հայրենասեր տղա էր, բայց չարտահայտվող տեսակ էր, ինքն իր մեջ վերլուծում էր: Քանի որ մեր ազգության մեջ էլ կան արցախյան պատերազմի մասնակիցներ, իր մեջ այդ հայրենասիրությունն ավելի շատ էր խորացել, ազատամարտիկների հետ շատ էր շփվել, իրենց տուն գնացել-եկել են, մեր հորեղբայրն էլ է արցախյան շարժման մասնակից»:

Դպրոցն ավարտելուց հետո Մարատն ընդունվել էր Գավառի գյուղատնտեսական քոլեջ, համակարգչային բաժնում էր սովորում, բայց միևնույն ժամանակ վարորդական դասընթացի էր հաճախում, որ բանակում վարորդ լիներ.

«Որ պետք է գնար բանակ, ուրախացել էր, շտապում էր, ոնց որ պատրաստի զինվոր լիներ: Միշտ ասում էր՝ տղան բանակից, ծառայությունից չպետք է խուսափի, պետք է ծառայի, օգնի բանակին, պետությանը: Շատ ռիսկով, դուխով տղա էր, ընկճվող չէր: Կապանում էր ծառայում, բայց սեպտեմբերին տարել էին Ջաբրայիլ՝ ուսումնական վարժությունների: Վերջին անգամ, որ հոր հետ խոսեց, ասաց՝ պապ, մեր հայոց բանակը շատ հզոր է, միշտ մարտունակ կանգնած է պետության կողքին, ոչ ոք թող չընկճվի: Դրանից հետո 3-4 օր իր հետ կապ չեղավ, այնուհետև իմացանք, որ զոհվել է, մահվան վկայականում նշված է հոկտեմբերի 9-ը, բայց ենթադրում ենք, որ դրանից մի 2 օր շուտ է եղել դեպքը»:

«Փառք մեր բոլոր անմեղ զոհերին, մեր Եռաբլուրին, մեր զինվորներին, ազատամարտիկներին, այնքան ուժ ու եռանդ լինի, որ կարողանան այս հաղթանակը տանեն: Թող մեր հայ ժողովուրդը չընկճվի, միշտ վստահ լինի, որ հաղթանակը մերն է, քանի որ մեր հայ զինվորը սրտանց զորավիգ կանգնած է մեր բոլորի թիկունքին»,- հավելեց Մարատ Դադոյանի հորեղբայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս