Մայր ու որդիներ կռվել են թշնամու դեմ, ավաղ, 19-ամյա Աշոտը զոհվեց

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Աշոտ Մուրադյանը թշնամու 5 տանկ, 2 «Ուրալ» և 1 ԱԹՍ էր խոցել: 168.am-ի հետ զրույցում Աշոտի հայրը՝ Հովհաննես Մուրադյանը, պատմեց, որ որդին նաև մի քանի վիրավորների է փրկել.

«Աշոտս 1 տարվա ծառայող էր, տանկիստ էր, բայց մի  քանի օր պեխոտում է եղել, հատուկ զենք՝ «Իգլա» են տվել, այդ մեքենաներն է խփել, ԱԹՍ, բայց ամենաշատն ուրախացել էր, որ 3 վիրավորների էր կարողացել փրկել, աշխարհով մեկ էր եղել: Ասում էր՝ պապ ջան, ոչ մի բանի վրա չեմ ուրախանում, միայն, որ վիրավորներին հանել եմ… Կամավոր տղաներ էին վիրավորները, դրա վրա էր տղես ուրախանում: Տղայիս անօդաչուն է խփել…»:

Աշոտը երեխաներից փոքրն էր, ունի 1 քույր, 4 եղբայր, պատերազմի դաշտում կռվել և վիրավորում է ստացել եղբայրներից Պարգևը, ռազմաճակատ էր մեկնել նաև Աշոտի մայրը.

«Աշոտս 2 օր էր, որ դիրքերից իջել էր, ու պատերազմը սկսվեց, նույն օրն իրենց տարել էին Թալիշի կողմը: Մայրն էլ էր գնացել սահման… Կինս՝ Ալինա Ղուկասյանը, արդեն երրորդ պատերազմին է մասնակցում, ազատամարտիկ է… Ինքը շարժման առաջին օրվանից մասնակցել է, սնայպեր է եղել, վիրավորվել է՝ երկրորդ կարգի հաշմանդամ է: Քառօրյա պատերազմին էլ է մասնակցել, այս անգամ էլ շտապեց մարտադաշտ, մայր ու որդիներ տարբեր տեղերում են կռվել… Կնոջս գնալուց մի շաբաթ հետո զանգեցի ասացի՝ Ալին, մեր տղեն զոհվել է… Չէի հավատում, մինչև հիմա սպասում եմ զանգին, մինչև հիմա սպասում եմ, որ երեխես կզանգի… Միշտ զանգում ասում էր՝ պապ ջան, դուխներդ տեղը պահեք, մենք հաղթա՛ծ ենք, հաղթա՛ծ ենք: Ինքն ուրիշ հայրենասեր էր, մեր ընտանիքում բոլորն էլ զինվորական են՝ պապն էլ, տատն էլ, քեռիները, հոպարը»:

Աշոտը շատ նպատակներ ուներ, որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել համալսարան.

«Շատ խելացի, կիրթ տղա էր Աշոտս, շատ լավ ձեռագիր ուներ: Լավ սովորող երեխա էր, միշտ ժպիտը դեմքին, սիրում էր երգել, նաև շատ մաքրասեր էր Աշոտս, վերին աստիճանի: Պատմությունից, սպորտից, ամեն ինչից, ինչ հարց տայիր, պատասխանը գիտեր… Նպատակն էր՝ գար, սովորեր, ասում էր՝ պապ, պիտի գամ, ընդունվեմ, սովորեմ: Ասացի՝ արի, գնա Ռուսաստան՝ եղբորդ մոտ, ասում էր՝ չէ, ես ուզում եմ մնամ Հայաստանում: Աշոտս ասաց՝ պապ, միակ խնդրանքս այն է, որ մի հատ տարածք վերցնես քաղաքում, բանջարեղենի խանութ դնենք, երկու ախպեր հա՛մ սովորենք, հա՛մ աշխատենք, մենք մեզ պահենք, ասում էր՝ որ գամ՝ չեմ ուզում դու աշխատես: Երեխուս երազանքները մնացին… Այսօր Աշոտիս յոթն է…»:

Աշոտ Մուրադյանին հուղարկավորել են Սիսիանի քաղաքային պանթեոնում:

Տեսանյութեր

Լրահոս