Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը։

«Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս