Բաժիններ՝

«Ուզում էր ընտանիք կազմեր ու լավ հայր լիներ». Արցախում զոհված 20-ամյա Արմենը 2 տարեկանում կորցրել էր հորը

Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 20-ամյա Արմեն Գեղայրի Աղեկյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասից էր, զորացրվելուն 3 ամիս էր մնացել…:

«Արմենը շատ համեստ, մեծին հարգող,  ընկերասեր, շատ լավ տղա էր, նուրբ հումոր ուներ… Տան ամենափոքրն էր, ապրում էր մոր և տատիկի հետ, 3 քույր ունի, 3-ն էլ ամուսնացած են: Արմենը 2 տարեկան է եղել, երբ հայրն ավտովթարից մահացել է»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի մորաքրոջ տղան՝ Էդվարդ Մանուկյանը:

Արմենը դպրոցն ավարտել և ընդունվել էր Գավառի պետական համալսարան, սակայն չհասցրեց դասի գնալ՝ զորակոչվեց.

«Նաև սպորտն էր շատ սիրում, սպորտսմեն տղա էր, հունահռոմեական ըմբշամարտով էր զբաղվում, մարզում առաջին տեղը, Հայաստանի մասշտաբով էլի՝ առաջին, երկրորդ տեղերը: Ընդունվեց համալսարան՝ հաշվապահական հաշվառում բաժին, պետք է գար՝ նոր սկսեր դասերը: 2019 թվականի հունվարի 11-ին էր զորակոչվել, այս հունվարին պետք է վերադառնար: Ես էլ եմ սպա, զանգել եմ իրեն, փորձել եմ ինչ-որ բաներով օգնել, բայց ամեն անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է: Իմ սպա ընկերները գնացել, իրեն ասել էին՝ Արմեն ջան, ի՞նչ է քեզ պետք, ինչի՞ կարիք ունես, էլի պատասխանել էր՝ ամեն ինչ լավ է, իրեն շատ լավ էր զգում բանակում: Արմենը շատ պարգևատրումներ ու պատվոգրեր ուներ, այդ թվում՝ «Բանակի գերազանցիկ» և «Մարտական հերթապահություն» կրծքանշաններ: Շատ լավ զինվոր է եղել, սերժանտ էր՝ դասակի հրամանատարի տեղակալ»:

Արմենը շատ նպատակներ ու երազանքներ ուներ՝ վերադառնալ և ուսումը շարունակել, հաջողություններ գրանցել նաև սպորտի բնագավառում, բայց կար նաև ավելի կարևոր նպատակ.

«Ինքն ընտանիքի մարդ էր, ուզում էր իր ընտանիքը կազմեր ու լավ հայր լիներ…»:

Էդվարդը պատմեց, որ Արմենը վերջին անգամ մոր հետ է խոսել՝ զոհվելու օրը.

«Հոկտեմբերի 8-ի ցերեկն իր մայրիկի հետ է խոսել, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, մեր ազգի համար է: Ոչ մի տրտնջոց չի եղել Արմենի կողմից, մինչև վերջ կանգնելու պատրաստ կռվում էին: Ինքը լավ գիտեր, թե որտեղ է գտնվում, ինչի համար է գտնվում, ու մինչև վերջ պատրաստ կանգնել է «Ոչ մի քայլ հետ» նշանաբառով, ինքն էլ, իր անձնակազմն էլ»:

Արմեն Աղեկյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 13-ին՝ իր հայրիկի կողքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս