Հնարավոր չէ ռազմաճակատն ամիսներով պահել, եթե պատերազմող երկրում տնտեսությունը տոտալ մոբիլիզացված չէ պատերազմի խնդիրները լուծելու համար. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չունեմ ինչ-որ մեկին ընկճելու կամ վախեցնելու նպատակ, երբ գրում եմ, որ պատերազմը կարող է դեռ երկար տևել (գուցե և ոչ այս կարգի ինտենսիվությամբ)։
Հարցը պետությունը, տնտեսությունը պատերազմական ռելսերի վրա դնելն է, ինչը կօգնի շատ ավելի արդյունավետ օգտագործել մեր երկրի առանց այն էլ շատ սուղ ռեսուրսները։
Մի օրինակ, որպեսզի պարզ լինի, թե ինչ նկատի ունեմ…
Առաջին օրերին, ազգային արդարացի ցասման ալիքի վրա շատ մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, պաշտոնից կամավորագրվեցին ու գնացին ռազմաճակատ։ Կամ զինկոմիսարիատից իրենց կանչեցին։ Այդ թվում ընկերությունների տնօրեններ, հաշվապահներ ևն։ Մարդիկ, որոնց աշխատանքից տասնյակ, իսկ երբեմն հարյուրավոր ընտանիքների ապրուստն է կախված։
Հիմա ամսվա վերջ է, շուտով գալու է ժամանակը ամիսը «փակելու», աշխատավարձ տալու, հարկեր վճարելու են։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ ղեկավար անձնակազմի բացակայությունն աշխատանքային գործընթացի վրա չի ազդել, կան գործառույթներ, որ միայն տնօրերնն ու հաշվապահները կարող են անել, նամանավանդ փոքր ընկերություններում։
Կամ, ասենք՝ առողջական խնդիրներով մարդիկ կան, որ գնացել են առաջնագիծ՝ վերցնելով իրենց հետ 1–2 շաբաթվա դեղերի պաշար։ Հիմա այդ մարդկանց որոշ դեպքերում հաջողվում է ինչ-որ ձևերով դեղերը հասցնել, որոշ դեպքերում չի հաջողվում։
Սրանք խնդիրներ են, որոնք պետք է այսօր լուծվեն, որպեսզի տնտեսությունը չկանգնի։ Կարելի է տնտեսությունը կանգնեցնել 1–2 շաբաթով, բայց ոչ ամիսներով։ Ընտանիքները չեն կարող առանց աշխատավարձ ամիսներով նստել։ Հիմնարկները՝ այդ թվում մասնավոր, թեկուզ պատերազմական ռեժիմով, բայց պետք է աշխատեն, մարդկանց ապրուստն ապահովեն + բյուջե հարկեր վճարեն։
Կամ, ասենք՝ համայնքապետների կամ կառավարության անդամների կամավոր գնալը… Կներեք, ախր այս մարդիկ շատ կարևոր գործ ունեն անելու հենց իրենց կաբինետներում…
Թո՛ղ սխալվեմ ու պատերազմն արագ վերջանա։ Կարծում եմ դա հիմա հնարավոր է միայն միջազգային շատ ակտիվ միջամտության պարագայում (ինչը դեռ փաստ չէ, որ մեր օգտին է լինելու)։ Եւ, անկեղծ ասած, չեմ տեսնում այդպիսի գործունյա միջամտության նախադրյալներ։ Համոզված եմ. պետք է պատրաստվել այն սցենարի, որ առնվազն մինչև գարնան վերջ ռազմական գործողությունները կարող են շարունակվել, ներառելով նաև ՀՀ տարածքը։ Գումարած նաև տասնյակ հազարավոր փախստականների և կովիդի օրեցօր ահագնացող համաճարակի առկայությունը։
Եւ ըստ այդմ պետք է անհապաղ հրաժարվել «մի քանի օր էլ ու վերջ» մտայնությունից, և երկրի տնտեսությունը դնել պատերազմական ռելսերի վրա։ Հնարավոր չէ ռազմաճակատն ամիսներով պահել, եթե պատերազմող երկրում հասարակությունը և տնտեսությունը տոտալ մոբիլիզացված չէ պատերազմի խնդիրները լուծելու համար։ Ընդ որում այդ մոբիլիզացիան պետք կլինի պահպանել որոշ ժամանակ նաև հետպատերազմյան փուլում երկիրը վերականգնելու համար»: