Հունգարիան հայտնել է COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը գնելու պայմանը

Հունգարիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանից կամ Չինաստանից գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, եթե ապացուցվի, որ դրանք արդյունավետորեն են պաշտպանում վիրուսից: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալաությունը՝ վկայակոչելով Հունգարիայի վարչապետի վարչակազմի ղեկավար Գ. Գուլյաշին: Վարչապետի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ երկրի կառավարությունն առողջապահության բնագավառի տեղի մասնագետներին խնդրել է ստուգել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, որոնք մշակվել են Ռուսաստանում եւ Չինաստանում:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի սխեմայի շրջանակներում Հունգարիան նաեւ պլանավորում է գնել AstraZeneca բրիտանական ընկերության՝ 13 միլիարդ ֆորինտ (մոտավորապես 42,24 միլիոն դոլար) գումարի 6,5 միլիոն չափաբաժին պատվաստանյութեր: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Հոկտեմբերի 22-ին Հունգարիայում մասնագետները գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ. մեկ օրում երկրում վիրուս են հայտնաբերել 2032 մարդու մոտ: Ընդամենը Հունգարիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 52 հազար մարդու մոտ, ավելի քան 1,3 հազարը մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս