«Թուրքերն ուժեղ են, բայց եթե նրանց գլխին զարկես, ձեռքդ կհամբուրեն». Վարուժան Սիրափյան

Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Վարուժան Սիրափյանի կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո պետք է պատրաստվել հաջորդ պատերազմին:

«Թուրքիան տարբեր պատճառներ ունի. Թուրքիայի պառլամենտում ընդդիմադիր պատգամավորներից մեկն այսօր ասաց, որ Թուրքիայի այսօրվա սահմանադրությունը ծառայում է մեկ մարդու, ոչ թե Թուրքիայի ժողովրդին: Էրդողանը կտրուկ փոխվեց 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո, որովհետև այդ ժամանակ ինքը կարող էր անգամ բանտ գնալ: Այսինքն՝ իր անձնական գործերի համար ուշադրությունն այլ կողմ է շեղում: Երկրորդ ավելի խորը պատճառը պանթուրքիզմն է. հիմա Էրդողանի բռնած ճամփան շատ ավելի վտանգավոր է, որովհետև նա իսլամիզմի և պանթուրքիզմի սինթեզն է արել: Իր ուզածը, ինչպես 100 տարի առաջ, ճամփա գտնել մինչև Միջին Ասիա, մինչև Չինաստանի սահմանները հասնել: Այդ նախագծում Հայաստանն իրենց համար միշտ եղել է արգելք: Հիմա իրենց ուզածն է՝ Նախիջևանից Ադրբեջան ճանապարհ բացել, որի դեպքում Հայաստանը կկտրվի Իրանից, և այդ ճանապարհով գնան մինչև Ասիա: Սա թուրքերի նպատակն է, բայց միևնույն ժամանակ՝ ՆԱՏՕ-ին է ձեռնտու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի լռությունը ևս դրա մասին է վկայում:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի համարձակ քաղաքականություն վարի. «Եթե Ադրբեջանն ասում է՝ Արցախը մերն է, ինչո՞ւ մենք չենք ասում, որ Նախիջևանը մերն է, Շահումյանը մերն է: Այդ համարձակությունը չկա: Կա՛մ այդ համարձակությունը չունենք, կա՛մ վախենում ենք մեր մեծ եղբորից՝ Ռուսաստանից, այսինքն՝ եթե դա ասենք, կարող ենք նրան անհանգստացնել: Ընդհանրապես, 30 տարվա ընթացքում շատ բան կորցրինք, որ չունեցանք ռազմավարական մտածողություն: Մեր շուրջը երկու վայրենի կա՝ խելացի և ապուշ: Թուրքերը խելացի են, Ադրբեջանը՝ ոչ, բայց հիմա Թուրքիան է Ադրբեջանին խաղացնում»:

Վարուժան Սիրափյանն ընդգծեց՝ Պուտինին զանգահարելով՝ Էրդողանը ցանկացել է ուղիղ Ռուսաստանի հետ խոսել Արցախի հարցի վերաբերյալ՝ այդպիսով փորձելով բարձրացնել իր դերը. «Չեմ կարծում, որ իր դերի բարձրացումը կհաջողվի Թուրքիային, բայց Էրդողանն ուղիղ խառնվել է այդ գործընթացի մեջ: Դա անկարելի է: Չմոռանանք, որ բոլոր երկրները գոնե խոսքով ասացին, որ այս պատերազմը պետք է դադարի և խոսակցության անցնեն, միակ երկիրը, որ դա չասաց՝ Թուրքիան էր, որն ուզում է կրակի վրա յուղ լցնել և շարունակել»:

Նա շեշտեց՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի նավթի պլատֆորմներին հարվածել. «Ո՞վ է իրեն խանգարողը, որ մենք վախենում ենք: Ինչպես Եմենը դա արեց Սաուդյան Արաբիայի նավի պլատֆորմների վրա, նույնը մենք կարող ենք անել: Այդ համարձակությունը պետք է ունենանք: Թուրքերը մի խոսք ունեն՝ այն ձեռքը, որ չես կարող կտրել, պետք է համբուրես: Այսինքն՝ իրենք ուժեղ են, բայց եթե իրենց գլխին զարկես, ձեռքդ կհամբուրեն, ուրիշ ճար չկա: Նրանց հետ խոսքով չես կարող: Պուտինն ասում էր, որ նախընտրում է դիմացինի հետ բանակցել, բայց եթե տեսնի, որ այլ ճար չկա, առաջինը կհարվածի: Այս մտածողության մեջ պետք է լինենք. Թուրքիան երբեք որևէ բանի համար ներողություն չի խնդրել, իրենք ամեն բանի վրա են: Մանավանդ, Էրդողանի նման մարդու հետ շատ դժվար է խոսել, իրենց պետք է պատժել: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ Ռուսաստանի դեմ մի հոգու պատճառով արագ սանկցիաներ կիրառվեցին, բայց այստեղ հայտնի փաստեր կան, և մեկը չի շարժվում: Թուրքիան շանտաժի վարպետ է, նա փախստականներով է շանտաժ անում, բայց մանկուց հիշում եմ, որ Թուրքիան «Սառը պատերազմի» ժամանակ միշտ խաղում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ՝ ասելով, որ՝ տեսեք, եթե ինձ գումար չտաք, ԱՄՆ-ի կողմը կշրջվեմ, նույնն ասում էր նաև ԱՄՆ-ին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս