Արցախում զոհված 19-ամյա Իսահակին այսօր հրաժեշտ տվեցին Սասունիկում
«Արցախում զոհված 19-ամյա Իսահակը 1 տարվա ծառայող էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:
Իսահակը ծնվել և մեծացել էր Սասունիկում, սովորել և ավարտել էր տեղի միջնակարգ դպրոցը, ավարտելուց հետո զորակոչվել էր հայոց բանակ:
«Խելոք, աշխատասեր, ընտանիքին նվիրված էր, ծնողները՝ խելացի, շնորհքով ժողովուրդ են: Ունի 1 եղբայր, 2 քույր: Քույրերն ամուսնացած են, ծնողների ու մեծ եղբոր հետ էր ապրում, ինքը տան փոքրն էր»,- ասաց համայնքի ղեկավարը:
Իսահակի հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում, ինքն էլ եղբոր հետ մորն էր օգնում.
«Իրենց անասուններով, հողամասով զբաղվող ընտանիք են: Հայրը Հայաստանում չէր, այս դեպքը որ եղավ՝ եկել է»:
Իսահակը վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 13-ին, իսկ հաջորդ օրը գույժը լսել են:
Իսահակ Արթուրի Ղարիբյանին հուղարկավորել են այսօր՝ Սասունիկի զինվորական պանթեոնում: