Ռումինիայի նախկին վարչապետը հույս է հայտնել, որ կողմերը կհարգեն հրադադարի հանձնառությունը
Ռումինիայի ALDE կուսակցության ղեկավար, Ռումինիայի նախկին վարչապետ, Սենատի նախկին նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայի կապակցությամբ: Կալին Պոպեսկու-Տարիչեանուն գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությունների էսկալացիայով. բռնություններ, որոնք պատճառել են բազմաթիվ կորուստներ զինվորականների և խաղաղ բնակիչների շրջանում, ինչպես նաև հասցրել են զգալի նյութական վնասներ՝ ներառյալ պատմական և կրոնական որոշ հուշարձանների ոչնչացումը: Տեղյակ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից 2020թ. հոկտեմբերի 10-ին, մարդասիրական նպատակներով, հրադադարի հաստատման հանձնառության մասին: Հուսով եմ, որ այս հանձնառությունը կհարգվի անմիջապես և միանշանակորեն՝ որպես իրավիճակը մեղմելու առաջին քայլ: Կարծում եմ, որ ռազմական գործողությունների անհապաղ և անվերապահ դադարեցումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսումը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան, միակ հնարավորությունն է հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածքում կայունության մթնոլորտի վերականգնմանը »,-գրել է նա: