Համավարակի պատճառով ճգնաժամն անհրաժեշտ է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա. ՀԲ

Նոր կորոնավիրուսի համավարակի հարուցած ներկայիս ճգնաժամը հարկ է դիտարկել որպես տնտեսական դեպրեսիա: Այս կարծիքն է հայտնել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելփասը հոկտեմբերի 12-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Վախենամ, որ մենք պետք է դա դիտարկենք որպես տնտեսական դեպրեսիա,- կարծում է նա:- Հարցն այն է, թե որքան երկար դա կտեւի. 1930-ական թվականներին (այն) տեւեց 10 տարի կամ որոշ երկրներում ավելի երկար, եւ ես հուսով եմ, որ այս անգամ այն ավելի կարճատեւ կլինի, ինչպես կառավարությունների գործողությունների, այնպես էլ մասնավոր հատվածի գործողությունների պատճառով:

«Անհամեմատ շատ տեղեկատվություն է մատչելի մարդկանց անհամեմատ շատ խմբերի ամբողջ աշխարհում, նրանցից միլիոնավորները փոխգործակցում են՝ փորձելով հասկանալ ճգնաժամը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել (տնտեսության) վերականգնման համար,- հավելել է ՀԲ-ի ղեկավարը:- Եվ դա հզոր միջոց է, որը չկար Մեծ դեպրեսիայի ժամանակներում»: Մելփասը նշել է, որ ինքն ստույգ գնահատում չունի, թե համաշխարհային տնտեսությունը երբ կվերադառնա մինչճգնաժամային մակարդակին: «Հատկապես զարգացող երկրների դեպքում դա երկար տարիներ կզբաղեցնի»,- ընդգծել է նա: Ըստ որում, ՀԲ-ի նախագահի կարծիքով՝ զարգացած տնտեսությամբ երկրները կվերականգնվեն ավելի արագ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս