«Թուրքերը կատարում են կատաղած շան ֆունկցիան. անում են այն, ինչ ռեժիսորներն են ցանկանում». Գագիկ Հարությունյան

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ու Չինաստանի դեմ:

«Դեռ բավական վաղուց ստեղծվել էր, այսպես կոչված, «Անակոնդա» պլանը, որը ենթադրում է Եվրասիայի փորատակում ստեղծել քաոսային իրավիճակ: Եվ այս երևույթները, որ տեղի են ունենում, այնպես չէ, որ մեկը զանգում-ասում է՝ այսպիսի մի բան արա, որպեսզի խախտվի հրադադարը, և այլն: Ստեղծվում է իրավիճակ, երբ տերությունները գործում են՝ ենթարկվելով այդ իրավիճակի տրամաբանությանը: Այդ առումով այն, ինչ այսօր կատարվում է, շարունակությունն է այդ քաղաքական տրամաբանության, որն այսօր առավել սրվել է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարևորվում է Թուրքիայի գործոնը. «Վերջերս Թուրքիան մի քանի փորձ կատարեց՝ ուղղված Լիբիայի, Հունաստանի, Կիպրոսի դեմ, և եթե չլիներ Ֆրանսիայի կոշտ արձագանքը, թերևս, այնտեղ էլ ինչ-որ բան կկատարվեր: Թուրքերը կատարում են կատաղած շան ֆունկցիան. թվում է, թե անում են այն, ինչ անցնում է իրենց մտքով, բայց դա բավական մոտ է ռեժիսորների ցանկություններին. դա առաջին հերթին ԱՄՆ-ն է, հավասարաչափ կապի մեջ է Իսրայելը»:

Նրա դիտարկմամբ՝ այսօր Ռուսաստանի կողմից պահանջվում են շատ մեծ ջանքեր. «Մեր բանակը դիմագրավեց թուրք-ադրբեջանական ագրեսիային, բայց արդյունքը ուղղված է նույն խնդրին՝ թուլացնել ՀԱՊԿ-ը, Ռուսաստանին, այդպիսով մեծ վնաս պատճառել առաջին հերթին՝ մեզ, հետո՝ Բելառուսին, հետո՝ Ղրղըզստանին, քանի որ այնտեղ էլ է իրավիճակն անկայուն: Այսինքն՝ մեծ պլանների հետ գործ ունենք: Շատերն ասում են, որ Թուրքիան բերում է ահաբեկիչների, հիշենք՝ ովքեր են ահաբեկիչները. Ահաբեկիչները ստեղծվել են ամերիկյան, բրիտանական և իսրայելական հատուկ ծառայությունների կողմից: Դա նույն Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, և ոչ մեկը չի ժխտում դա»:

Գագիկ Հարությունյանն ընդգծեց՝ միակ ուժը, որ կարող է կանգնեցնել թուրք-ադրբեջանական ագրեսիան, ռուսական ուժն է. «Եթե իրոք խաղաղապահ որևէ կոնտինգենտ մտցնեն, դա կիջեցնի ադրբեջանական բոլոր ախորժակները, ինչ-որ մի բան անել ռեգիոնում: Բայց մինչ այդ նրանք պատրաստ են խախտել ցանկացած հրադադար, ցանկացած պայմանավորվածություն, նրանցից միշտ պետք է ամեն ինչ սպասել: Երկարատև խաղաղությունը միայն կարող է ապահովվել այդ պարագայում: Ուրիշ սցենարներ էլ կան, բայց հիմա չէի ուզենա դրանց մասին խոսել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս