«Ուրարտու»-ն ընկերական խաղում զիջել է «Արարատ»-ին
Երևանի «Ուրարտուն» այս շրջանի ստուգողական հանդիպումներից առաջինն անցկացրեց «Արարատի» հետ։ Այս մասին հայտնում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման առաջին րոպեներից «Արարատը» նետվում էր գրոհների, ինչի արդյունքում նրանց հաջողվեց արագ գոլ խփել։ 6-րդ րոպեին հաշիվը բացեց Մորի Կոնեն։
«Ուրարտուի» կազմում առաջին խաղակեսում Հակոբ Հակոբյանը լավ հնարավորություն հնարավորություն ուներ, սակայն չօգտագործեց այն։ Փոխարենը 34-րդ րոպեին Իգոր Ստանոևիչը կրկնապատկեց «Արարատի» առավելությունը։ Երկրորդ խաղակեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը։ Այս փոփոխությունները իրենց արդյունքը տվեցին․ թիմի խաղն ակտիվացավ, իսկ 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Տիգրան Այունցը։ Հանդիպման վերջին րոպեին Էրիկ Պետրոսյանը լավ հնարավորություն ուներ խփելու թիմի երկրորդ գոլը, սակայն վրիպեց մոտ տարածությունից։
Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հյուրի կարգավիճակում մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Խաղը կմեկնարկի 14։00-ին։



