Դե, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ չի, որ կարելի է անվանել նախարար

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար (ԱՆ) Ռուստամ Բադասյանին հարց ուղղվեց նաև այն մասին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր աշխատասենյակում գաղտնալսող սարք՝ «ժուչոկ» է տեղադրել:

«Դե լավ էլի, ժողովուրդ․․․ Ժողովուրդ ջան, բացառված է, նման բաներ չկա»,- արձագանքեց նախարար Բադասյանը՝ հընթացս ճշտելով, թե ո՞վ է նման բան ասել, ի՞նչ տեղեկություն է տարածում հարցը տվող լրագրողը:

Նախարարին ի պատասխան՝ լրագրողն ասաց, որ մամուլն է այդ մասին գրել:

«Դե, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ չի, որ կարելի է անվանել մամուլ: Այսինքն՝ այդքան չճշտված տեղեկություն հրապարակելուց հետո դուք ո՞նց եք պատկերացնում, որ մենք էդ ամեն ինչին արձագանքենք»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը խոսում է ս/թ հունիսի 3-ին 168.am-ում հրապարակված «Ո՞վ և ինչո՞ւ է ցանկացել Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում տեղադրել «ժուչոկներ». Նախարարության խոսուն պատասխանը» վերտառությամբ հրապարակման մասին: Հրապարակում, որն իրար էր խառնել ողջ ԱԱԾ-ն՝ նույնիսկ մինչև վերջերս․ ԱԱԾ արդեն նախկին պետ Արգիշտի Քյարամյանն ամեն կերպ փորձում էր որևէ  ձևով պարզել, թե ինչպես է 168.am-ին հասել այդ տեղեկատվությունը։ Նշենք նաև, որ այդ հրապարակման մեջ նաև ներկայացրել էինք Քյարամյան-Բադասյան լարված հարաբերությունների մասին։

Նախարար Ռուստամ Բադասյանը և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արդեն նախկին պետ, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը տարեկիցներ են, համակուրսեցիներ և մինչ 2018թ. թավշյա իրադարձությունները և դրանից հետո որոշ ժամանակահատված՝ մտերիմ ընկերներ էին:

Մեր այդ հրապարակումը ծավալուն է, դրա բովանդակությանն այստեղ չենք անդրադառնա, բայց հղումը տեղադրված է, և ցանկացողները կարող են թե՛ հրապարակումը կարդալ, ու թե՛ դրանում շարադրված որոշ փաստեր համադրել նախարարի այսօրվա ասածի հետ:

Ռուստամ Բադասյանը, ըստ էության, ասաց, թե մենք հրապարակել ենք չճշտված տեղեկություն:

Ի գիտություն նախարարի՝ ցանկացած լուր ամենասկզբում չճշտված է լինում, և լրագրողն այն փորձում է ճշտել այս կամ այն աղբյուրից:

Հիշեցնենք, որ ըստ մեր հավաստի տեղեկությունների,  Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում կամ հանգստի սենյակում ԱԱԾ-ն ցանկացել էր տեղադրել գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ», ինչը տեխնիկական-համակարգային որոշ խնդիրների պատճառով, թերևս, չէր հաջողվել:

Մենք փորձել էինք տեղեկությունը ճշտել հենց նախարարությունից, և, ուշադրություն, պաշտոնապես՝ գրավոր հարցման միջոցով:

Գրավոր պաշտոնական հարցմամբ նախ ցանկացել էինք ստուգել լուրի իսկությունը, ապա հարցրել էինք` արդյոք նախարար Բադասյանը որևէ փոփոխություն նկատե՞լ է իր նախարարական աշխատասենյակում կամ հանգստի սենյակում:

Նկատի ունեցեք, որ լուրը չենք հրապարակել, մինչև չենք ստացել նախարարության պատասխանը, որը հրապարակել էինք ամբողջությամբ:

ԱՆ-ին հղված պաշտոնական գրությամբ հարցրել էինք`

«Հարգելի պարոն Բադասյան, 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Ձեր աշխատասենյակում փորձ է արվել գաղտնալսող սարք տեղադրել: Արդյո՞ք Դուք որևէ փոփոխություն նկատել եք Ձեր աշխատասենյակում կամ հանգստի սենյակում»:

Արդարադատության նախարարությունից, սակայն, մեր հարցումից օրեր անց տեղեկացրել էին, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը: Այլ բացատրություն կամ պատճառաբանություն չտրվեց: Ոչ հերքվեց, ոչ հաստատվեց: Ավելին, հատուկ ասացին՝ այդպես էլ գրենք, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը:

Ահա այս պատասխանից հետո մենք հրապարակեցինք այն: Հարցը հստակ ձևակերպված էր և պահանջում էր պատասխանի երկու տարբերակ՝ այո, եղել է, կամ՝ ոչ, չի եղել:

Եվ ուրեմն, հարգելի պարոն նախարար, հաջորդ անգամ որևէ լրատվամիջոցի անվանարկելիս ու նրա որակն անձամբ կասկածի տակ դնելիս միշտ հիշեք, որ շատ-շատերը նույն կերպ կարող են կասկածի տակ դնել Ձեր պրոֆեսիոնալիզմը ու Ձեզ պատասխանել Ձեր իսկ խոսքերով՝ «Դե, հասկանո՞ւմ եք, ամեն ինչ չի, որ կարելի է անվանել նախարար»:

Տեսանյութեր

Լրահոս