Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարություն տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը:
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։
Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։