ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:
Հիվանդանոցի ղեկավարությունը Պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել են երեք ՌԴ քաղաքացի լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:
Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք էր պտտվում, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն:
Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ: Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:
Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ:
Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռք առնել մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։