«Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ: Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և սաստիկ հարձակում են նախաձեռնել: Հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ` հակառակորդին ետ շպրտելով ելման բնագծերը: Նման մանր փորձեր կատարվել են նաև այլ ուղղություններում: Սակայն այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ այսօր և անցնող ամբողջ գիշերը, որին անձամբ ականատես է եղել, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ, և որ այսօրվա հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ լրագրողների շարքերից:
«Այսօր երկու անգամ, ինչն ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով այն զգալի տուժել է: Եղել են նաև քաղաքացիական անձինք, որոնց վիրավորվելու կամ տուժելու մասին տեղեկությունները լրացուցիչ Արցախի ՄԻՊ գրասենյակը կհայտարարի»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ, միայն Արցախում ադրբեջանական ագրեսորների հարվածների հետևանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։
«Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները»,- մանրամասնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: