«Գուցե ադրբեջանական և թուրքական արկերն են ստիպել Արգիշտի Քյարամյանին ուղարկել հանգստի». Բենիամին Մաթևոսյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արդեն 12-րդ օրն արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններին տրված գնահատականն ու արված դիտարկումները հստակ ցույց են տալիս՝ Ռուսաստանն ամբողջ ծավալով կկատարի Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները, եթե հանկարծ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշեն ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք. ավելին՝ Պուտինի խոսքը մեսիջ էր, առաջին հերթին՝ Թուրքիային։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Սա առաջին հերթին՝ ուղղված էր Թուրքիային։ Պուտինն ասաց, որ ռուսական անվտանգության հովանոցը տարածված է Հայաստանի վրա։ Ռուսաստանը՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից, կատարում է իր պարտականությունը։ Ճիշտ է՝ Ռուսաստանն էլ իր շահն ունի Հարավային Կովկասում, և նրա շահերից չի բխում, որ Թուրքիան ամրապնդվի այս տարածքում, և հենց այստեղ մեր շահերը համընկնում են։ Այն, որ Թուրքիան չի հարձակվում մեզ վրա, այդ շահերի համընկնման վառ ապացույցն է»,- ասաց Մաթևոսյանը։

Անդրադառնալով այսօր Ժնևում մեկնարկած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև բանակցություններին, որոնք ընթանում են փակ ֆորմատով, Բենիամին Մաթևոսյանը նկատեց, որ, կարելի է ասել, բանակցություններ կային պատերազմական գործողությունների սկզբից էլ, դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ ՀՀ վարչապետը 11 օրվա ընթացքում 5 անգամ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց է ունեցել։

«Այսօր փակ ֆորմատով ընթացող բանակցություններից, իհարկե, որոշակի ակնկալիքներ պետք է ունենալ, սակայն մինչև կրակը չդադարի, մենք չենք կարող խոսել բանակցությունների իրական արդյունքի մասին։ Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների դադար և կողմերի՝ բանակցային սեղանի վերադարձ։ Ես այժմ դրանց համար ժամկետներ չեմ կարող մատնանշել։ Ինքնին այն փաստը, որ սահմանին շարունակվում են սարսափելի ռազմական գործողությունները, թույլ է տալիս ենթադրել, որ այս փուլում շատ դժվար է լինելու պատերազմող կողմերի ներկայացուցիչներին նստեցնել սեղանի շուրջ, թեև մի բան ակնհայտ է՝ Պուտինն է այն մարդը, որ այդ սեղանի շուրջ պետք է նստեցնի Փաշինյանին և Ալիևին»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ նրա՝ երբ կողմերը նստեն սեղանի շուրջ, հաջորդ խնդիրն առաջանալու է արդեն 1994 թվականին ստորագրված հրադադարի պայմանագրի հետ, որովհետև այս պահին հայկական բանակը վերաձևում է այն գծերը, որոնք էլ հիմք են դառնալու նոր բանակցային փաթեթի համար։

«Թե՛ բանակցությունների ձևաչափի, թե՛ դրանց բովանդակության փոփոխության հարցը որոշվում է մարտի դաշտում։ Մենք կարող ենք պահանջել նոր բովանդակություն, և հայկական բանակը հիմա որոշում է, թե ինչպիսին են լինելու հայկական կողմի սահմանները։ Բացի այդ, այսօր բանակը սրբագրում է այն սխալները, որոնք քաղաքական իշխանությունը թույլ է տվել առնվազն վերջին տարիներին։ Տեսեք՝ եթե ՀՀ-ի և ՌԴ-ի բարձրագույն իշխանության կրողների միջև հարաբերություններն այլ լինեին, Թուրքիան այսօր այսպես ակնհայտ չէր խառնվի ռազմական գործողություններին։ Միայն ադրբեջանական և թուրքական արկերն են փաստորեն ստիպում մարդկանց ավելի սթափ գնահատականներ տալ իրականությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով պատերազմական այս օրերին տեղեկատվական աշխատանքներին՝ Մաթևոսյանը նկատեց, որ հիմա երկրի ներսում թշնամիներ փնտրելու պատեհ ժամանակը չէ, և այս գաղափարով պետք է առաջնորդվեն թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը՝ հիշելով, որ Ադրբեջանը 90-ականներին պարտվեց նաև ներքին պառակտումների պատճառով, հետևաբար՝ պետք չէ կրկնել այն, ինչ արել է էլչիբեյական Ադրբեջանը։

Հարցին, թե արդյո՞ք պատեհ պահն էր, որ ռազմական դրության ժամանակ աշխատանքից ազատվի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Բենիամին Մաթևոսյանը պատասխանեց.

«Փաստը մնում է փաստ, որ այս իշխանությունը վերջին երկու տարիներին բազում սխալներ է արել քաղաքական և դիվանագիտական ոլորտներում, կայացրել է սխալ քաղաքական որոշումներ։ Միգուցե ադրբեջանական և թուրքական արկերն են ստիպել վերանայել սխալ որոշումն ու Արգիշտի Քյարամյանին ուղարկել հանգստի։ Ի դեպ, հնարավոր է՝ Քյարամյանի հեռացումը վերջին փոփոխությունը չլինի»։

Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս