Ադրբեջանական կողմից ԼՂ հակամարտությունը վաղուց կրոնական գունավորում է ստացել. Սիրիացի լրագրող
Ռուս և սիրիացի լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման ցավում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն Ադրբեջանի համար վաղուց կրոնական գունավորում է ստացել: Ջուման այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու փաստին:
«Ես տեսել եմ, թե ինչպես են տարեցները Շուշիի եկեղեցում լաց լինում, բռնվում պատերից և աղոթում: Ես հասկացա, որ նրանց համար դա սովորական վայր չէ, որտեղ նրանք կարող են աղոթել, դա ավելին է, խորհրդանիշ է, երկրորդ տուն է: Ընդ որում, բոլոր հայերի համար, ոչ միայն ղարաբաղցիների, այլև նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանում, նույնիսկ այլ երկրներում: Դա շատ կարևոր եկեղեցի է ողջ հայության համար: Իհարկե, ես շատ ցավում եմ, որ այս հակամարտությունը սկսում է կրոնական գունավորում ստանալ: Ադրբեջանցիների կողմից այն վաղուց է նման գունավորում ստացել: Ես դա տեսնում եմ սոցիալական ցանցերում առկա հռետորաբանությամբ: Շատերն Ադրբեջանում սա ընկալում են, որպես իսլամի համար կռիվ»,- ասաց Ջուման:
Լրագրողը նշեց, որ Հայաստանում մինչ օրս նման տրամադրություններ չի տեսել:
«Հայերի համար սա կրոնական պատերազմ չէ»,- նշեց լրագրող-միջազգայնագետը: