«Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամն է»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Կատար այցելելիս հարցազրույց է տվել տեղի անգլալեզու «The Peninsula» թերթին, որտեղ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պատերազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը, հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի հողերն օկուպացնելու» մեջ, ասելով, թե իբրև բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի բնակավայրերի վրա:

Իսկ Ադրբեջանին աջակցելու մասով Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ սրանից հետո «մեկ ազգ, 2 պետություն» սկզբունքով աջակցում է ադրբեջանական պետությանն ու ժողովրդին: Մենք մեր բոլոր միջոցներով շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել մեր ադրբեջանցի եղբայրներին»:

Ըստ Թուրքիայի նախագահի դիտարկման՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող պետությունները, միջազգային կառույցները այդ խնդիրը դատապարտել են անլուծելիության: Ուստի նա կարծում է, որ հիմնախնդիրը վերջնական լուծելու համար անհրաժեշտ է կիրառել ՄԱԿ-ի բանաձևերն ու միջազգային իրավունքը:

Ղարաբաղի հարցը Կովկասում վերջին 30 տարվա ամենակարևոր ճգնաժամը համարող Էրդողանը նշել է. «Թյուրք ժողովրդի նկատմամբ ամեն առիթով հարձակողական ու թշնամական դիրքորոշում ցույց տվող Հայաստանը տարածաշջանային խաղաղությոն ու կայունության ամենամեծ խոչընդոտն է»:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից հնչող այն մեղադրանքներին, որոնք փաստում են արցախյան ճակատում ռազմագործողությունների մեջ Թուրքիայի ներքաշված լինելը։ Էրդողանը հրաժարվել է դրանք ընդունել և նշել է, թե իբր Հայաստանը նման քայլերի գնում է ելնելով անճարությունից։

Տեսանյութեր

Լրահոս