Բաժիններ՝

Գյումրիում Շուշիի թատերախումբը ներկայացումներ է ցուցադրում Արցախից ժամանած երեխաների համար

(սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի թատերախումբը Գյումրիում տիկնիկային ներկայացումներ է կազմակերպում արցախցի փոքրիկների համար:

Մտահաղացումը թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանինն է, իսկ նրան օգնում են թատրոնի ադմինիստրատոր Լիլիթ Մկրտչյանն ու տնօրենի քրոջ երեխաները:

«Երեք խոզուկները» ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացման: «Մի քանի օր առաջ, թշնամու արկը ոչնչացրեց Շուշիի մշակույթի տան մեծ մասը, որը ծառայում էր նաև որպես թատրոնի շենք: Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների պահեստը: Բնականաբար, մենք տխրեցինք՝ երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ, բայց հետո հասկացանք, պետք չէ մանուկ հանդիսատեսին՝ հատկապես հիմա, այսպես առանց հեքիաթի թողնել, որովհետև հիմա առավել, քան երբևէ երեխաները հեքիաթի կարիք են զգում»,-լրագրողներին նշեց Աշխեն Հարությունյանը՝ հավելելով, իրենք իրենց հանդիսատեսի հետ են: «Մենք ամենուր ենք մեր հանդիսատեսի հետ: Թատրոնի շենքը, նյութականն ամեն ինչ մենք կվերականգնենք շատ արագ, կարևորն արվեստի շունչն է որ կարողանանք մեր երեխաներին հաղորդել: Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է. զինվորը՝ սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես: Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց Աշխեն Հարությունյանը:

Մինչ այս Հարությունյանը մի քանի խումբ երեխա է Արցախից տեղափոխել, վստահ է՝ ամեն ինչ շուտ կավարտվի, և իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած երեխաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս