Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, քանի որ ռազմական խնդիր չունեն լուծելու: Փաշինյանը նշել է, որ ակնհայտ է` ընթացող պատերազմը սկսել է Ադրբեջանը:

«Շատ կարևոր է պարզել, թե ով է սկսել այս հարձակումը, դրա համար կա բավարար տեղեկատվություն: Հայաստանն ու Ղարաբաղը չեն կարող սկսել պատերազմ մի պարզ պատճառով, որովհետև մենք այստեղ ռազմական խնդիրներ չունեինք լուծելու, խնդիրը, որ պետք է լուծենք, քաղաքական է: Ադրբեջանն է, որ վերջին 15 տարում անընդհատ սպառնացել է, որ ռազմական ճանապարհով կլուծի հարցը: Այդտեղ որևէ գաղտնիք չկա: Ինչո՞ւ պետք է ահաբեկիչները բերվեին շփման գոտի: Որևէ այլ նպատակով կարո՞ղ են հավաքագրել այլ երկրում և բերել սեփական երկիր, եթե այդ երկիրը ռազմական ագրեսիայի չի պատրաստվում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ ահաբեկիչները բերվել են Թուրքիայի միջոցով, ինչը ևս գաղտնիք չէ:

«Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է արձանագրեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում: Մենք ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների և ԱԳ նախարարների հայտարարությունը և այդ Թուրքիան է հայտարարել, որ կարծում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները և, ըստ էության, Ադրբեջանը մնացել է Թուրքիայի տված հանձնարարականի շրջանակներում: Սա ցեղասպանության սպառնալիք է: Այդ ցեղասպանության իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից ու կռվում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը արդեն ճանաչել են մի շարք երկրներ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Արցախի համար խաղաղությունը միշտ եղել է գլխավոր և գերագույն նպատակը:

«Վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, ԼՂ ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջին ղեկավարն եմ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, որ պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այդ բանաձևը չի ընդունել պաշտոնապես, ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում և այդ լուծումը կլինի այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից ու կանցնի Ադրբեջանի հսկողության տակ: Որևէ լուծման հասնել բռնության միջոցով հնարավոր չէ: Ադրբեջանի քաղաքականությունն է եղել ռազմական ճանապարհով լուծել հարցը: Հայաստանը միշտ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Ադրբեջանն է, որ պատրաստ չէ կոմպրոմիսի: Մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքը թողնել Ադրբեջանի պահանջով: Նրանք պետք է ինքնապաշտպանվեն»,- ասել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս