Թուրքական քարոզչությունն այստեղ շատ ուժեղ է, մեզ հարկավոր են բազմալեզու քարոզչանյութեր, որոնք կուղղորդվեն տարբեր կառույցների. Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ
Գերմանիայի Հեսսեն երկրամասի Հանաու քաղաքի և նրա շրջակա փոքր քաղաքներում բնակվող հայերը, մինչ համայնքը կհավաքեր անհրաժեշտ գումարը, Հայոց անպարտ բանակին օգնելու նպատակով 5900 եվրո են հավաքել ու փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գերմանաբնակ մեր հայրենակից Գոռ Մարգարյանի փոխանցմամբ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ ևս ուղարկել են՝ քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ:
«Նաև հայ համայնքն է գումար հավաքում: Պատրաստվում ենք գումարի հանգանականության 2-րդ փուլը կազմակերպել: Ով մեկ անգամ ուղարկել է՝ 2-րդ անգամ պետք է ուղարկի, այսպես՝ այնքան, մինչև 10 միլիոն հայ հավաքի մոտ 1 միլիարդ դոլար: Դա է մեր ներկայիս նպատակը: Պետք է աշխատենք եռակի գումար վաստակել ու ուղարկել Հայրենիք: Բանակին ամուր թիկունք է պետք: Սա սովորական հարձակում չէ, լայնամասշտաբ հարձակում է գնում Արցախում և Հայաստանի սահմաններում, սա ապրել-մեռնելու պատերազմ է, և այս պատերազմը մենք տանուլ տալու իրավունք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Մարգարյանը:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում համայնքի կողմից Գերմանիայի իշխանությանը մեր բողոքի ձայնը հասցնելու համար, ինչպես նաև շեշտելու, որ Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը նաև երկու գերմանական կազմակերպության արտադրանքով՝ Hawker und Varta, ինչը խախտում է գերմանական կարգավորումները, Գոռ Մարգարյանը պատասխանեց.
«Գերմանիայի կառավարության ուշադրությունը սևեռելու ուղղությամբ հիմնական աշխատանքները համակարգվում են Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գերմանիայի թեմի և նրա ենթակայությամբ գործող առանձին համայնքների, ինչպես նաև ակտիվ և նախաձեռնող մեր հայրենակիցների և շահագրգիռ խմբերի միջոցով: Ցույցեր կազմակերպվել են Բեռլինում, Մյունխենում, նաև Դյուսելդորֆում և մի շարք քաղաքներում: Կարծում եմ՝ ավելի բազմամարդ կարող էր լինել, օրինակ, Բեռլինի ցույցը, սակայն աշխատանքային օր էր, միգուցե դրանով պայմանավորված՝ ոչ այնքան բազմամարդ ստացվեց: Հուսամ, կկազմակերպվեն նորերը, և ավելի շատ մարդ կմասնակցի: Թուրքական քարոզչությունն այստեղ շատ ուժեղ է, շատ լրատվամիջոցներ կողմնապահ կամ լավագույն դեպքում չեզոք են լուսաբանում: Կարծում եմ, մեր քարոզչությունը պիտի համապատասխանի ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության հետ. մեզ հարկավոր են բազմալեզու (գերմաներենը՝ պարտադիր) քարոզչանյութեր, տեքստեր, որոնք մեր կողմից կուղղորդվեն տարբեր կառույցների: Ես, չլինելով միջազգային իրավունքի մասնագետ, միջազգայնագետ կամ ռազմագետ, հակված եմ օգտագործելու միայն մասնագիտական մեկնաբանություններ և քարոզչանյութեր: Այս առումով մեծ անելիք ունեն ՀՀ արտաքին քաղաքականություն իրականացնող պետական գերատեսչությունը, սփյուռքի կառույցները համակարգող ՀՀ պատկան մարմինները»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:
Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: