«Սոցիալական բոլոր խնդիրների լուծման համակարգումն առաջին իսկ օրվանից եղել է մեր գերատեսչության ներքո». Սոցապ նախարարի խոսնակ

Այս օրերին տարբեր քաղաքացիներ մի շարք սոցիալական նախաձեռնություններով աջակցում են արցախահայությանը: Ու քանի որ այդ խմբերը հիմնականում ինքնակազմակերպվում են, 168.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Զարուհի Բաթոյանի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե այս օրերին ինչո՞վ է զբաղվում նախարարությունը, և ի՞նչ է արվել պատերազմի այս տասն օրերի ընթացքում:

Սոնա Մարտիրոսյանն ի պատասխան՝ տեղեկացրեց. «Պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական բոլոր խնդիրների համակարգումը, բոլոր խնդիրների լուծման համակարգումն առաջին իսկ օրվանից եղել է մեր  գերատեսչության ներքո: Մենք այս պահին էլ շարունակում ենք լուծել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված կանանց և երեխաների խնդիրները:

Բացի այդ՝ մենք կազմակերպել ենք հատուկ հաստատություններում (ծերանոցներ, գիշերօթիկներ) խնամվող  անձանց տեղափոխումը Հայաստան և տեղավորումը մեր համապատասխան կառույցներում:

Հիմա աշխատում ենք օրենսդրական փոփոխության վրա, որպեսզի կարողանանք Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված անձանց կեսնաթոշակի վճարումն  այս ամիս Հայաստանում ապահովել՝ մինչև կվերադառնան»:

Սոցապ նախարարի մամուլի խոսնակը հավելեց նաև, որ քաղաքացիները  բազմաթիվ աջակցող նախաձեռնություններ իրականացնելիս՝ իրենց գործողությունները համաձայնեցնում են նախարարության հետ:

Դատելով Զարուհի Բաթոյանի խոսնակի ներկայացրած պատկերից՝ ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի  նախարարությունը գերծանրաբեռնված է աշխատում.  այդ դեպքում հարց է առաջանում՝ նախարարին որտեղի՞ց այնքան ժամանակ, որ ֆեյսբուքյան էջում քննարկման դնի քաղաքացիների՝ մեղմ ասած, իրավիճակին ոչ համահունչ առաջարկները: 

Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցում տարածվում էր նախարար Բաթոյանի ֆեյսբուքյան էջի սքրինշոթը, որտեղ նա գրել էր. «Մարդիկ ջան, Նառա Վարդանյանն առաջարկում է կազմակերպել կաթսաների ակցիայի նման մի ակցիա, մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»:

Տեսանյութեր

Լրահոս