Վստահ եմ՝ առաջիկայում գնալու եմ Գետաշեն ու կատարելու եմ իմ «Գետաշեն» երգը. Գուսան Հայկազուն
Գուսան Հայկազունը երկու նոր երգ է գրել, որոնցից մեկն ուղղված է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ուդերին, եզդիներին: Նրանց կոչ է անում ազատագրել իրենց ու տարածաշրջանն ագրեսոր Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայից:
«Երգում ասվում է՝ Կովկասի քաջե՛ր, ելեք ոտքի, օգնեք մեզ՝ միասին տեր կանգնենք մեր երկրին: Այն կատարվում է ռուսերեն լեզվով: Հաջորդ երգը հենց այս օրերի համար գրված «Լավ իմացեք» երգն է, որտեղ շեշտվում է, որ մեզ չի կարող հաղթել ոչ մի թշնամի, մենք այլևս հողեր չունենք նրանց տալու, ինչ որ մերն է, շուտով հետ ենք վերցնելու, և մեր սահմանը լինելու է Քուռ գետը: Կոչ եմ անում խելքի գալ, քանի որ առաջվա խեղճ հայը չէ նրանց առջև կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գուսան Հայկազունը՝ շեշտելով, որ այլ նոր երգեր ևս կգրվեն շուտով:
«Մենք պետք է հաղթենք, մենք ուժեղ ենք: Ասեմ ավելին՝ ես ապշած եմ անկախության սերնդի պատրաստակամությունից, նվիրվածությունից: Մենք Արցախյան պատերազմ ենք տեսել, այն ժամանակ այսպիսի ոգևորություն չկար, շատերին տներից են գալիս տանում, իսկ հիմա սահման գնալու համար հերթ են կանգնում: Անգամ արտերկրում բնակվող հայերն են շատ գալիս՝ խնդրելով իրենց բանակ տանել: Այսպիսի բան ոչ ոք չի տեսել: Մենք հաղթել ենք, հաղթելու ենք, Ալիևը պետք է ծնկի գա մեր առջև: Ես անհամբեր եմ և վստահ եմ՝ առաջիկայում գնալու եմ Գետաշեն ու կատարելու եմ իմ «Գետաշեն» երգը»,- նշեց Գուսան Հայկազունը:
Հիշեցնենք, որ Գուսան Հայկազունը մասնակցել է Արցախյան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատում՝ Մհեր Սաղաթելյանի հրամանատարության ներքո։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։
Ինչպես պատմում է Գուսանը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1990 թվականին 20-25 զինված տղաներից բաղկացած կամավորական ջոկատը ժամանեց Երևան՝ Գետաշեն մեկնելու և այն պաշտպանելու համար։
Հրամանատարը Լաերտ Սաղաթելյանն էր։
Եկածների մեջ Գուսան Հայկազունին տեսնելուն պես նա վերջինիս արգելեց մեկնել՝ ասելով. «Մի պատահական գնդակ քեզ որ կպնի, ի՞նչ ենք անելու։ Քեզ այնտեղ գնալ չի կարելի»։ Գուսանը հաստատակամ էր և փորձեց թաքուն ինքնաթիռ մտնել, սակայն հրամանատարը դա նկատեց և ասաց. «Դե´, հիմա իջի´ր, էս ո՞ւր ես թռչում։ Ես քեզ չասացի՞, որ չես մեկնելու։ Ավելի լավ է՝ մնաս այստեղ ու մի երգ գրես Գետաշենի մասին»։ Գուսանն այդպես էլ արեց. մնաց Երևանում և երեք օրվա ընթացքում Գետաշենի մասին երգ գրեց։ Չորրորդ օրն ուղղաթիռով, որով զենք ու սննդամթերք էին տեղափոխում, Գուսանը մեկնեց Գետաշեն ու միացավ ջոկատին։ Այնտեղ էլ կայացավ երգի առաջին կատարումը:
Նշենք, որ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: