ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար կնքել հակամարտության գոտուց զոհերի դիերի հեռացման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը: Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:

«Համանախագահները վճռական կոչ են անում, մարդասիրական նկատառումներից ելնելով, անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ ապահովել զոհված զինծառայողների դիերի դուրս բերումը»,-ասված է հայտարարությունում:

Բացի այդ, համանախագահներն ընդգծել են, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային ի չիք է դարձնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նրանք հակամարտող կողմերին ևս մեկ անգամ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերականգնել առարկայական բանակցությունները:

«Համանախագահները վճռականորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարձակումները և մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ: Քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները կամ սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կոչ են անում կողմերին լիարժեք հետևել իրենց միջազգային պարտավորություններին, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը»,-ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս