Իր քաղաքացիական զոհերի մասով պատասխանատվությունն ընկնելու է հենց Ադրբեջանի վրա. Միջազգային իրավունքի մասնագետ

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում էր կայացրել: Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանի խոսքով՝ որոշումը` կոնկրետ մարտական գործողությունների մասով, Ադրբեջանի համար չի ստեղծում պարտավորություն:

«Բայց չի նշանակում, որ սա սոսկ թղթի կտոր է, քանի որ այս գործընթացի շրջանակներում ստեղծվում է ապացուցողական բազան, և որքանով մեզ հայտնի է՝ ձևավորումը կարծես թե գնում է հենց հայկական կողմի ջանքերով: Մինչև վերջերս տեղեկություն ունեինք, որ ադրբեջանական կողմը ոչ մի տեղեկություն չի տրամադրում, դատարանի պահանջները չի բավարարում, ինչը նշանակություն կունենա արդեն բուն վեճի քննության փուլում՝ ի վնաս Ադրբեջանի և հօգուտ Հայաստանի,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց Արա Խզմալյանը՝ հավելելով,- Այս պատերազմը իզոլյացված դեպք չէ, սա տասնամյակների հայատյաց քաղաքականության մաս է կազմում, և այն խախտումները, որ արձանագրվել էին նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, միասնական գործընթացի մաս են, և ժամանակն է օր առաջ գործընթացը սկսել. այս խախտումներն անհասցե չպետք է մնան, մենք ունենք բավարար հիմքերը՝ գործընթաց սկսելու համար»։

Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, նրանց դեմ բազմիցս կիրառվող հրթիռահրետանային արդիական համակարգերի մասին՝ միջազգային իրավունքի մասնագետը նշեց.

«Այս մասով մենք գործ ունենք մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերից մեկի տարանջատման սկզբունքի խախտման հետ: Ադրբեջանը տակտիկապես զերծ է մնում Ժնևյան կոնվենցիայի առաջին արձանագրությունը վավերացնելուց, որն իր համար պայմանագրային պարտավորություններ կստեղծեր այդ մասով, սակայն այս հիմնարար նորմերն անվերապահորեն ճանաչված են, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի մակարդակում: Մենք ունենք արդեն մի քանի հստակ դեպք, երբ թիրախավորվել է քաղաքացիական օբյեկտ, մարդիկ, բնակավայրեր: Նաև՝ տեսանյութերը, լուսանկարները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանն իր հրետանին և այլ տեխնիկան տեղակայում է անմիջապես բնակավայրերին կից: Դա կրկին խախտում է՝ ինչպես մարդասիրական իրավունքի նորմերը, այնպես էլ հանդիսանում է պատերազմական հանցագործություն: Խոսքը բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու մասին է: Իր քաղաքացիական զոհերի մասով պատասխանատվությունն ամենայն հավանականությամբ ընկնելու է հենց Ադրբեջանի վրա: Այս ուղղությամբ պետք է շատ տեղեկություններ հավաքել»:

Տեսանյութեր

Լրահոս