Ղարաբաղյան բանակցային ձևաչափի փոփոխություն, կարծես, համանախագահ երկրների ղեկավարները չեն ցանկանում թույլ տալ․ Ֆելգենգաուեր

«Ռուսաստանը չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտության գոտում իր ավանդական դերի փոփոխություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության ներկայիս փուլի շուրջ առկա դիվանագիտական իրավիճակին ու բանակցային ձևաչափին։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ-ն մերժել է Արցախի հարցով Թուրքիայի հետ բանակցելու և Թուրքիայի մասնակցությամբ ձևաչափ հիմնելու թուրքական առաջարկը, իսկ այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ առանց նախապայմանների վերսկսել բանակցային գործընթացը։ Դրան զուգահեռաբար՝ ՄԽ կոչերին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ «ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը:

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթն այսօր իր խմբագրականում անդրադարձել էր Արցախյան հակամարտության բանակցային ձևաչափին՝ առաջարկելով այն փոխել՝ Ադրբեջանի փոխարեն այնտեղ ներգրավելով Թուրքիային կամ ունենալ, ինչո՞ւ ոչ, քառակողմ բանակցային ձևաչափ։

Ֆելգենգաուերն ասաց, որ վերջին միտումները հակամարտության գոտու և դրա կարգավորման շուրջ չափազանց ակնհայտ են, Թուրքիան ցանկանում է դրանց մասնակցել բոլոր ոլորտներում, իրացնելով այս տարածաշրջանում իր հավակնությունները։ Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով, ըստ նրա, կնշանակի՝ Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել, այդ պատճառով մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները և փորձում աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

«Արդյունավետ է, թե ոչ այդ ձևաչափը՝ այլ հարց է, սակայն բոլոր գործընթացները և հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներկայությունը և հավակնություններն այս հակամարտության գոտում չի ողջունվում որևէ համանախագահ երկրի կողմից։ Տեղեկատվությունը, որ Ռուսաստանը մերժել է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկը, սակայն հայտարարություն է տարածում մյուս համանախագահների հետ, նշանակում է, որ Ռուսաստանը չի ցանկանում այս գոտում իր ավանդական դերի փոփոխություն, ինչը պարզից էլ պարզ էր, և ես բազմիցս եմ ասել, թե ինչ ազդեցության է ձգտում Ռուսաստանն այս ռեգիոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով վերադարձ իր նախկին սահմաններին»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ իրավիճակն այնպիսին է, որ ընդհանրապես հնարավոր չէ չունենալ կոնտակտներ այս հարցով թուրքական կողմի հետ՝ նման կոնտակտներ կլինեն, դրանք այսօր էլ կան, քանի որ տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարն այս թեմայով շփվում է իր թուրք պաշտոնակցի հետ, սակայն կոնկրետ հստակ ձևաչափի առկայությունը կվերացնի մյուս ձևաչափը լիովին՝ տարածաշրջանում մեծացնելով Թուրքիայի քաղաքական, ռազմական դերակատարությունը։

«Չեմ կարծում, որ Հայաստանը կշահի, եթե բանակցի Թուրքիայի հետ, դա շատ մեծ ու բարդ թեմա է, և ամեն վերլուծություն չէ, որ լրջորեն հիմնավորված է, նման ձևաչափում շահարգրգռված կողմեր կարող են լինել, սակայն ո՞րն է լինելու դրա արդյունավետությունը, և ինչպե՞ս է դա ընկալվելու ընդհանրապես համանախագահության կողմից։ Ամեն ինչ կարող է քննարկվել, բայց իրատեսականություն է հարկավոր։ Բանակցային ձևաչափի փոփոխություն կարծես համանախագահ երկրների ղեկավարները դեռ չեն ցանկանում թույլ տալ և զգում են առկա վտանգները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս