«Մեր քարոզչամեքենան պետք է գործի նեյտրալ լսարանի, որոշում կայացնողների վրա». Ադրբեջանական հարցերով փորձագետ

Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի առաջին օրվանից հետո Ադրբեջանը գործող ապատեղեկատվությունը շատ կտրուկ փոխարինեց քարոզչականով, այդպես էր վիճակը մինչև երեկ երեկոյան։

«Նրանք սկսեցին ֆեյքերի պատերազմ, ինչը երկու բան է փաստում, որ Ադրբեջանին չի հաջողվել ինչ-որ լուրջ հաջողություն գրանցել, հետևաբար՝ փորձում են այդ ապատեղեկատվությամբ նախ՝ իրենց հասարակությանը «դուխ» տալ և հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության վրա։ Այսօր առավոտյան նրանց տեղեկատվական դաշտը մի քիչ կարգավորվեց, այն առումով, որ սկսեցին ինֆոգրաֆիկա տարածել՝ ասեմ, որ դա էլ է ապատեղեկատվություն, ինչ-որ լուսանկարներ են տարածում, սակայն իրականությունն այլ է, դրա համար նրանք փորձում են ապատեղեկատվության որակը բարձրացնել»,- 168.am հետ զրույցում ասաց Արմիեն Ադիբեկյանը։

Ըստ նրա, եթե սեպտեմբերի 27-ին հավաքագրված նյութերը կազմում էին մոտավորապես 60-70 էջ, երկրորդ օրը  նվազել է՝ մինչև 30 էջ, իսկ երրորդ օրը հավաքվել է 7-8 էջ։

«Ադրբեջանը փորձում է լրատվական դաշտում տարածել այն թեզը, թե իբրև հայկական կողմը մարդասիրական նորմերն է խախտում՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Եթե ուշադրություն եք դարձրել, նրանք շատ չեն խոսում մարտական զոհերի մասին, սակայն բուռն քննարկում են, թե քաղաքացիական անձինք են զոհվել։ Այսօր հայկական կողմը տարածել էր մեկ տեսանյութ, որից ակնհայտ  է դառնում, որ թշնամին իր հրետանին տեղակայում է բնակելի շենքերի մեջ, և կրակում են այնտեղից։ Հետևաբար, երբ հայկական կողմը փորձում է լռեցնել կամ ոչնչացնել այդ հրետանին, ասում են՝ խաղաղ բնակչությանն է թիրախավորել։ Պետք է միջազգային հանրությանը հասցնել, որ Ադրբեջանն իր հրետանին և ռազմակայանները տեղակայում է հենց բնակավայրերի մեջ՝ վտանգելով քաղաքացիական անձանց։ Կարծում եմ՝ սա հատուկ է արվում, որպեսզի հետո հայկական կողմին մեղադրեն մարդասիրական նորմերը խախտելու մեջ»,- ընդգծեց նա։

Փորձագետը նաև շեշտեց, որ ադրբեջանական հասարակության վրա ազդելու միակ ու ամենակարճ ճանապարհն Ադրբեջանի խոշոր քաղաքներում հազարավոր դիակներ ուղարկելն է։ Եթե մեկ օրվա ընթացքում մի քանի տասնյակ հուղարկավորություններ տեղի ունենան Բաքվում, դա տեղի հասարակությանը կպայթեցնի, քանի որ նրանք պատրաստ չեն նման զոհերի։

«Մեր քարոզչամեքենան պետք է գործի նեյտրալ լսարանի, որոշում կայացնողների վրա»,- շեշտեց փորձագետը։

Անդրադառնալով Արցախում ադրբեջանական կրակից վիրավորված ֆրանսիացի երկու լրագրողներին, Արմինե Ադիբեկյանն ասաց, որ ըստ համապատասխան կոնվենցիաների՝ անթույլատրելի է կրակ արձակել լրատվամիջոցների և բուժաշխատողների ուղղությամբ, այս ամենը դատապարտելի է, հետևաբար՝ հարցը պետք է բարձրացնել միջազգային ատյաններում։

Նշենք, որ փորձագետի հետ մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Արցախում մեջքի շրջանում վիրավորում է ստացել նաև 24News.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։

Տեսանյութեր

Լրահոս