«Կեղծիք է այն պնդումը, թե ինչ-որ կոնկրետ մակնիշի մեքենայի համար է մրցութային պայմանները». Հակոբ Կարապետյանը՝ 100 փոքր ավտոբուսների մրցույթի մասին

Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասուլիսի ընթացքում վստահեցրեց, որ խոստացված ավտոբուսների փոխարեն՝ քաղաքը գնելու է գազելներ: Նրա խոսքով՝ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս հարմարեցված է «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչներին, նշված են նաև երկրաչափական պարամետրեր, որ հնարավորինս նեղացվի մասնակիցների շրջանակը: Այս ընկերության ավտոբուսները տեղափոխում են 17 նստած և մի քանի կանգնած ուղևոր, Խաժակյանի խոսքով՝ այժմ գործող գազելները հենց այդքան էլ տեղափոխում են, որովհետև մարդիկ ներսում ավելի շատ են կանգնած: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ այն պարամետրերը, որոնք ներկայացվել են, հեռու են միկրոավտոբուսի պարամետրեր լինելուց:

«Պարոն Խաժակյանն իրավունք ունի իր սեփական, ոչ մասնագիտական, դիլետանտական կարծիքն ունենալ, բայց փաստն այն է, որ 100 ավտոբուսի մրցույթ է հայտարարվել: Դրանք փոքր ավտոբուսներ են, որոնց նկատմամբ Քաղաքապետարանը մի շարք պահանջներ է ներկայացրել: Այն պետք է կահավորված լինի կոնդիցիոներով, ամառը պետք է հովացվի, ձմեռը՝ տաքացվի: Եթե ուղևորը նստած չէ, ապա պետք է հնարավորություն ունենա ամբողջ հասակով կանգնել, ոչ թե կռացած երթևեկել, 1.90 սմ-ից ավելի պետք է լինի բարձրությունը: Սրահը պետք է կահավորված լինի էլեկտրոնային ցուցատախտակով, որը ցույց է տալիս երթուղին, սրահը պետք է այնպիսին լինի, որ այնտեղ, անհրաժեշտության դեպքում, տեղավորվի հաշմանդամության սայլակ: Պետք է նաև արտաքին էլեկտրոնային ցուցատախտակ լինի, որ կանգառում կանգնած մարդիկ էլեկտրոնային ցուցատախտակի վրա տեսնեն երթուղին: Պետք է ունենա այնպիսի բարձրություն, որ ոչ թե մի քանի աստիճան բարձրանալով՝ հայտնվես սրահում, այլ կանգառից միանգամից ոտքդ դնես՝ հայտնվես սրահում, այդ թվում՝ հաշմանդամության սայլակը կարողանա հանգիստ ներս ու դուրս անել: Դուռը չի բացում ուղևորը, այնպես, ինչպես բացում են միկրոավտոբուսների մեջ, այլ դռները բացում է վարորդը՝ կանգառում կանգնելիս, և կանգառից շարժվելիս՝ փակում է: Եթե այս ամեն ինչը միկրոավտոբուսին ներկայացվող պարամետրեր են, ապա անունը կարող ենք դնել միկրոավտոբուս, հեծանիվ, ինքնագնաց, գլդոր, գնացք, ինչ ուզում ենք՝ կարող ենք դնել անունը, բայց դրանից իրականությունը չի փոխվի, Քաղաքապետարանը պատվիրել է իմ նկարագրած չափանիշերով տրանսպոտային միջոց»,- ասաց Կարապետյանը:

Դավիթ Խաժակյանի այն պնդումը, որ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս հարմարեցված է «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչներին, Կարապետյանը կեղծիք որակեց:

«Այն պնդումը, որ ինչ-որ կոնկրետ մակնիշի մեքենայի համար է մրցութային պայմանները, կեղծիք է: Կան մի շարք կազմակերպություններ, որոնք նման պարամետրերով ավտոբուսներ կարող են արտադրել»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսները համապատասխանում են տրանսպորտային նոր ցանցի չափորոշիչներին: Արդարության համար նշենք, որ Դավիթ Խաժակյանի ներկայացրած՝ Քաղաքապետարանի և «ГАЗель City» ընկերության տրանսպորտային միջոցի չափորոշիչները բավականին մոտ են, և եթե հաղթի այս ընկերության ավտոբուսը, ապա այն չի համապատասխանի տրանսպորտային նոր ցանցին, քանի որ, ըստ նախագծի, ամենափոքր ավտոբուսը պետք է տեղափոխի 45-55 ուղևոր:
Ինչ վերաբերում է ավելի վաղ հայտարարված 12 մետր երկարություն ունեցող ավտոբուսների մրցույթին, որը չի կայացել, Կարապետյանն ասաց.

«Միգուցե տպավորություն է եղել, որ 12 մետրանոց ավտոբուսների մրցույթը չի կայացել, և Քաղաքապետարանը հրաժարվել է դրանից, ոչ, Քաղաքապետարանը չի հրաժարվել: 12 մետրանոց ավտոբուսների մրցույթը նորից կդրվի մրցույթի, և հույս ունենք, որ այս անգամ կկայանա, և որևէ մեկին չարախնդալու առիթ չի տա: Իսկ դրան զուգահեռ՝ նաև դրվել է 100 փոքր ավտոբուսի մրցույթ, իսկ այդ 100 փոքր ավտոբուսը, այո, աննախադեպ է, որովհետև դրանք քաղաքը մտադիր է ձեռք բերել սեփական, այսինքն՝ համայնքային բյուջեի միջոցներով, ո՛չ մասնավոր ներդրողի միջոցներով, ո՛չ միջազգային վարկային միջոցներով»:

Խաժակյանն ասուլիսի ընթացքում նաև հիշեցրել էր, որ այս տարի ամռանը 450 միկրոավտոբուս պետք է դուրս մնար տրանսպորտային ցանցից՝ մաշվածության պատճառով, ինչը չի եղել: Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ դրանք դեռ դուրս չեն բերվել և ե՞րբ դուրս կգան:

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, գիտեմ, որ Կառավարությունն ու Քաղաքապետարանն այդ հարցով զբաղվում են, և կարող ենք վստահ լինել, որ այնպիսի լուծում չի լինի, որը կլինի ուղևորի անվտանգության հաշվին»,- ասաց Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս