«Վարչապետն անգիր գիտի, թե ինչ է կատարվել». Արսեն Բաբայանը՝ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին

2018 թվականի սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվել էին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնք վերաբերում էին 2018-ի հուլիսին  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքների հարցերին։

Ամիսներ անց՝ 2018 թվականի դեկտեմբերին, համացանցում հայտնվեց գաղտնալսված մեկ այլ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ձայնագրությունում վարչապետը, ԱԱԾ նախկին տնօրենն ու ՀՔԾ պետը խոսում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետևանքների մասին:

Նույն թվականի հոկտեմբերին Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իրավապահները բացահայտել են իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուին, սակայն չէր նշել պատվիրատուի անունը, միայն տեղեկացրել էր, որ նա Հայաստանից է:

Հիշեցնենք, որ մեկուկես տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:

Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի վերաբերյալ կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 9-ին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ ՀՔԾ ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը բացահայտված է, և, որ գործով ձերբակալված անձ չկա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն օրերս hraparak.am-ին  տված հարցազրույցում՝ անդրադարձել էր հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանը.

«Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի և իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը, համոզված չեմ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է»:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով պատգամավորի այս մեկնաբանությանը, նշել է.

«Անհայտ և անօգուտ զբաղմունք ունեցող Վահե Ղալումյանին հորդորում եմ գնալ ու իր քավորին (կամ սանիկին) հարցնել՝ «Նիկոլ Վովայի ջան, այդ հայտնի գաղտնալսման պատմության մանրամասների մասին, որը, քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, ամբողջությամբ բացահայտված է, ինչո՞ւ չեք բարձրաձայնում։ Քավո՛ր ջան, Վանեցյանը, որ էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել, բացահայտել ամբողջ իրողությունը, բա դո՞ւք ինչու չեք ուզում դրա մանրամասների մասին խոսել։ Բա ամոթ չի՞, որ չեք խոսում դրա մասին։ Կարո՞ղ է՝ չեք խոսում դրա մասին, որ անամոթաբար շահարկեք թեման…»։

Իսկ ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։ Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»։

168.am-ը Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է նշված քրեական գործը:

«Տվյալ քրեական գործի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից նախկինում տրված մեկնաբանություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանեց Եգանյանը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեցինք, եթե Քննչական կոմիտեի նախագահն էլ դեռ 2 ամիս առաջ հայտարարեց, որ գաղտնալսման գործը բացահայտված է, ապա ինչո՞ւ անուններ չեն հրապարակվում, կա՞ արդյոք բան, որը թաքցնում է կառավարությունը.

«Քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի՝ հայտարարում է, երբ է հայտարարում և այլն, ես չեմ կարող իրենց փոխարեն մեկնաբանել: Կառավարությունն ընդհանրապես ոչ մի բանից չի խուսափում, եթե Քննչական կոմիտեին տրված է եղել հանձնարարական, որ իրենք զբաղվեն, բացահայտեն, թե ինչ է տեղի ունեցել, և իրենք դա արել են, առավել ևս հայտարարել են, որ որևէ բան չկա, ամեն ինչ բացահայտված է, պարզաբանված է, ապա խնդրում եմ իրենցից մեկնաբանություն ուզել: Եթե իրենք ասում են, որ նախաքննությունը շարունակվում է, ես պարտավոր եմ վստահել՝ ինչ է ասում նախաքննական մարմինը, եթե նախաքննական մարմինն ասում է, որ դեռ հետաքննությունը շարունակվում է, ապա շարունակվում է: Ես չեմ կարող մեկնաբանել, իսկ հարցին, թե որևէ բան կա թաքցնելու, որևէ բան չկա թաքցնելու, այսքան ժամանակ որևէ բան չի թաքցվել»:

168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից, մասնավորապես, եթե հայտարարվում է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, և դա բացահայտել է հենց Արթուր Վանեցյանը՝ դեռևս իր պաշտոնավարման ընթացքում, այդ դեպքում  ինչո՞ւ իրենք մանրամասներ չեն հայտնում:

«Այդ նույն տեքստում գրված է՝ էթիկայից ելնելով, օրինակ, որ դա նախաքննություն իրականացնող մարմնի լիազորությունն է: Քրեական գործի նյութերի հրապարակման ծավալը որոշում է Քննչական կոմիտեն, որը ենթարկվում է վարչապետին, այսինքն՝  Հայաստանին բոլոր պետական մարմինները ենթարկվում են վարչապետին, հետևաբար՝ վարչապետն անգիր գիտի, թե ինչ է կատարվել, ու եթե հանրությանը հետաքրքրող այս հարցը չեն ուզում բարձրաձայնել, ապա ստորություն է շահարկել այս թեման, եթե իրենք օգտվում են առիթից, որ մենք պարկեշտ ենք, էթիկան պահպանում ենք, չենք խոսում դրա մասին, որովհետև դա պետության հարց է, քրեական գործի նյութերի հարց է, բայց իրենք օգտվում են առիթից: Հիմա դա է մեր ասածը, որ՝ կամ խոսեք դրա մասին բացահայտ, կամ ձայններդ կտրեք, որովհետև դուք արդեն անցնում եք էթիկայի բոլոր սահմանները, ստիպում եք մեզ, որ մենք սկսենք խոսել ինչ որ բաների մասին»,- ասաց Բաբայանը:

Ճշտող հարցին՝ եթե իշխանության ներկայացուցիչները շարունակեն նմանօրինակ ակնարկներ անել, հնարավո՞ր է՝ անուններ հրապարակվեն, Բաբայանը պատասխանեց.

«Եթե շարունակի՝ պարզ կդառնա: Ամեն ինչ հնարավոր է»:

Մյուս ճշտող հարցին, որ դեռ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել էր, որ հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուի անունը հայտնի էր, և, որ նա հանրությանը հայտնի անձնավորություն է, արդյոք նա հիմա քաղաքական դաշտո՞ւմ է, Բաբայանը պատասխանեց, որ պետք է հարցնենք Քննչական կոմիտեից:

Տեսանյութեր

Լրահոս