«Գևորգ Մուրադյանի առջև խնդիրներ դրված չեն». ԿԳՄՍ նախարարը՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության մասին
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարց ուղղեցին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի հայտնի նիստի մասին, որի ժամանակ խորհրդի նախագահ էր վերընտրվել Գևորգ Մուրադյանը: Խորհրդի մի քանի անդամ պնդում էին, որ Մուրադյանը բուհում սպասարկում է անձամբ նախարարի շահերը: Լրագրողի հարցին, թե ի՞նչ խնդիր է դրված Հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև, նախարարն ասաց.
«Իր առջև խնդիրներ դրված չեն, յուրաքանչյուր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, հատկապես, երբ ներկայացված է լիազոր մարմնի և հիմնադրի կողմից, կապ է պահում բուհի և պետության միջև: Կարծում եմ, որ յուրաքանչյուր խորհրդի նախագահի առաքելությունն է նաև դա, որ այդ կապն արդյունավետ լինի, որովհետև ի վերջո այդ բուհերը հիմնադրված են պետության կողմից, հիմնական շենք-շինություններ, որոշ բուհերի դեպքում՝ միջոցների պարագայում, ֆինանսական միջոցներ տրամադրվում են պետության կողմից, և այդ կապն այդպես պետք է պահպանվի»:
Ռեկտորի ձգձգված ընտրության մասին Հարությունյանն ասաց, որ Հոգաբարձուների խորհուրդն ինքն է ընտրում բուհի ռեկտորին: Ինչ վերաբերում է դպրոցներում դիմակ կրելուն, նախարարն ասաց, որ ծանոթ է ծնողների մտահոգություններին:
«Մենք այդ մտահոգությունները քննարկում ենք: Ըստ էության, այն առաջարկությունները, որոնք արվել են, այդտեղ որևէ նոր բան չկա: Դիմակներ կրելու կարգը փակ տարածքներում սահմանված է մայիսից»,- ասաց Հարությունյանը: