«Կազմել են կրոսվորդներ, որոնք կարդալիս շատ դժվար է հասկանալ՝ դու մտնո՞ւմ ես օգնություն ստացող խմբի մեջ, թե՞ ոչ». Գարեգին Պետրոսյան
Այսօր Կառավարության շենքի առջև էին հավաքվել «Այլընտրանք» ՀԿ անդամները: Նրանք պնդում էին, որ Կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Գարեգին Պետրոսյանի խոսքով՝ պայքարի տապալման մեղավորն առանձին գերատեսչությունը չէ, այլ ամբողջ Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Պետրոսյանը համեմատականներ անցկացրեց Հայաստանի և այլ երկրների՝ կորոնավիրուսի ցուցանիշների միջև:
«Վրաստանում կա ընդամենը 1500-ի մոտ վարակակիր և ընդամենը 20 զոհ: Հայաստանում ունենք 1125 զոհ, այն դեպքում, երբ Հայաստանն ունի ընդամենը երեք անցակետ: Երբ խոսում ենք հետխորհրդային երկրներից մեկի՝ Մոլդովայի մասին, որն ունի 3.5 մլն բնակչություն, զոհերի թիվը 1000-ի չի հասնում, բայց բոլորը, չգիտես ինչո՞ւ, նշում են, որ Մոլդովայում խայտառակ իրավիճակ է: Մենք կորոնավիրուսի դեմ պայքարն այն աստիճան ենք տապալել, որ մահերի և վարակակիրների առումով հետ ենք աֆրիկյան կիսաահաբեկչական երկրներից, հետ ենք Բելառուսից, որտեղ բացարձակ ոչինչ չի արվել, բացարձակ ոչինչ, և որտեղ կա մահվան 657 դեպք: Մեզ մոտ իսկապես կա տապալված, խայտառակ հակաճգնաժամային քաղաքականություն»,- ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մեր Կառավարությունը ձախողել է ոչ միայն առողջապահական, այլև սոցիալ-տնտեսական և կրթական առումներով:
«Երբ Վրաստանում հակաճգնաժամային հասկանալի հատուցումներ են արվում բնակչությանը, մեզ մոտ կազմել են կրոսվորդներ, որոնք կարդալիս շատ դժվար է հասկանալ՝ դու մտնո՞ւմ ես թիրախային, օգնություն ստացող խմբի մեջ, թե՞ ոչ»,- ասաց Պետրոսյանը:
«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիրը նշեց, որ, ինչպես կենսաբանական օրգանիզմի պարագայում վիրուսը տարածվում է թույլ իմունային համակարգ ունեցող օրգանիզմում, այնպես էլ սոցիալական օրգանիզմի պարագայում է:
«Սոցիալական օրգանիզմների պարագայում, ինչպիսին պետությունն է, տարածվում է նորից դիմադրողականության թույլ լինելու պատճառով: Պետական համակարգը չունի այն իմունային հզորությունը, որը կարողանար դիմադրել ճգնաժամերին»,- ասաց Պետրոսյանը: