
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է արգելել լրագրողների մուտքը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստին

Այսօր ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նիստ է: Լրագրողների մուտքը նիստին արգելվել է: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը հայտնում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն են դեմ եղել, որ լրագրողներին ներս թողնեն։ Ավելի վաղ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, այս պահին սովորական անդամ Գևորգ Մուրադյանը հանձնարարել է ԵՊՀ անվտանգության ծառայությանը թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք. իբրև թե պարետի որոշմամբ, արգելվում է 40 հոգուց ավել մի տարածքում հավաքվելը»։
Ավելի ուշ Գևորգ Էմին-Տերյանը հայտնեց, որ ՀԽ-ն որոշել է ներս թողնել միայն տեսախցիկները՝ առանց լրագրողների և օպերատորների, ինչին լրագրողները չեն համաձայնել: Սրանից հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է արգելել լրագրողների մուտքը ՀԽ նիստին։ ՀԽ-ն կողմ է քվեարկել։
Օրակարգում 3 հարց է՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։
168.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ է արգելվել լրագրողների մուտքը: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ կազմակերպիչը ԿԳՄՍՆ-ն չէ, հետևաբար՝ իրենք չեն որոշում՝ նիստը բա՞ց լինի, թե՞ փակ: