«Ես բժշկական խալաթով ճանապարհ եմ փակել, է՞ս է մեր «դուխով» Հայաստանը». Մարալիկի ծննդատան աշխատակից
«Միայնակ կին եմ, ոչ աշխատավարձ եմ ստանում, ոչ մի բան»,- ասում է Մարալիկի ծննդատան աշխատակից Արեգնազան Բալոյանը, ով նույնպես արդեն 7 ամիս աշխատավարձ չի ստացել:
Պատճառն այն է, որ Առողջապահության նախարարությունը տարեսկզբից դադարեցրել է Մարալիկի առողջության կենտրոնի ծննդօգնության ծառայության ֆինանսավորումը, քանի որ կենտրոնը տարեկան կտրվածքով չի գրանցում 150 և ավելի ծնունդ, ինչը համարվում է նշաձող պետպատվերի համար, կենտրոնը նաև նոր սարքավորումների կարիք է ունեցել:
«Պարո՛ն Փաշինյան, այս հարցին լուծում տվեք, Մարալիկը 17 գյուղի է սպասարկում, ինչի՞ պիտի փակվի, հսկայական Մարալիկում ինչի՞ պիտի շենքեր փակվեն, ծնունդներ չընդունեն, բուժանձնակազմը ինչի՞ պիտի էս օրով բողոքի ակցիա կազմակերպի: Չէ՞ որ մենք ճանապարհ փակեցինք, մեկը՝ ես, բժշկական խալաթով ճանապարհ եմ փակել, «դուխով» վարչապետ եմ ուզել, որ էս օրով էս հարցին կանգնենք, է՞ս է մեր ուզած Հայաստանը: Մեկը՝ ես, ճանապարհ եմ փակել, պահանջել եմ քեզ, որ էսօրվա օրով մենք առանց հաց չմնանք, մեր երեխաներն առանց հաց չմնան»,- ասաց Արեգնազան Բալոյանը:
Նա հիշեցրեց, որ իրենք արդեն երկար ժամանակ բողոքի ակցիաներ են անում, սակայն ոչ ոք չի եկել տեսնի, թե ի՞նչ են պահանջում իրենք:
«Ես միայնակ կին եմ, ո՛չ աշխատանք ունեմ, ո’չ թոշակ ունեմ, ինչո՞վ պետք է ապրեմ, ու ասում եք՝ «դուխով Հայաստան», է՞ս է մեր «դուխով Հայաստանը»,- ասաց Արեգնազան Բալոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում